Ամո՛թ բոլոր այն կանանց, որոնք ընդգրկված են ուժային կառույցներում և իրենց վախերի հետևանքով Լիդյային ենթարկում են պատժի. Լարիսա Ալավերդյան
25/11/2025 13:20

Ամո՛թ բոլոր այն կանանց, որոնք ընդգրկված են ուժային կառույցներում և իրենց վախերի հետևանքով Լիդյային ենթարկում են պատժի. Լարիսա Ալավերդյան

Մարդկանց անհիմն կալանավարումը մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների կալանքին և «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյանի կալանքի երկարացմանը։

«Դա ինքնիրավչություն է իշխանության կողմից։ Դա քրեորեն հետապնդելի արարք է։ Տեսնում ենք, որ այդ ինքնիրավչությունն անցել է արդեն սանձարձակ կամայականության դրսևորումների, դրան այլ բնութագիր չի կարելի տալ»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ 1988 թվականից՝ Սովետական Միությունում, իսկ 1992-ից՝ նորանկախ Հայաստանում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի հետ մասնակցել է գրեթե բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են եղել բացասական երևույթների դեմ։

«Այդ ընթացքում թե՛ ազգային ՀԿ-ները, թե՛ միջազգային կազմակերպությունները շատ ուշադիր էին այն ամենին, ինչ տեղի էր ունենում Հայաստանում։

Դատապարտում եմ, թե՛ ազգային հկ-ների, թե՛ միջազգային հկ-ների, ԵԽ-ի, ԵՄ-ի գործունեությունը՝ իրենց բոլոր կառույցներով։ Պարզվում է, որ նրանք ժամանակին պայքարում էին ոչ թե բացասական երևույթների դեմ, այլ անձանց և այն համակարգի, որն իր բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, պաշտպանում էր Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգայնորեն համաձայնեցված այն շփման գիծը, որն առաջացել էր 1994 թվականի մայիսի 12-ից հետո։

Փաստորեն, միջազգային և միջպետական կազմակերպությունները հետապնդում էին իրենց պղտոր, ամբողջովին կարճատես և սխալ աշխարհաքաղաքական շահերը։

Ասում եմ կարճատես, որովհետև դա այսօր էլ անդրադառնում է Եվրոպայի վրա։ Եվրոպան այսօր այնքան հեռու է ժողովրդավարությունից, որ նույնիսկ դժվար է համեմատել նույնիսկ անցած դարի 50-60-ական թվականների հետ։

Բոլոր այդ կառույցները, որոնք «բերանները ջուր են առել», ուղղակի դառնում են հանցակից թե՛ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, թե՛ ՀՀ օրվա իշխանության կողմից իրականացրած գործողություններին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Դարձյալ անդրադառնալով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ իրականացվող գործողություններին, Լարիսա Ալավերդյանն ասաց.

«Հիշեցնեմ, որ մեր ուժային կառույցների կարկառուն դեմքերը կանայք են։ Դա ինձ առիթ է տալիս ևս մեկ անգամ դիմելու այդ տիկնանց և հստակեցնելու, որ այդ տիկնանց նուրբ ձեռքերով են ոչնչացնում ՀՀ-ում այլախոսությունն ընդհանրապես։

Ամո՛թ, հազար ամոթ բոլոր այն կանանց, որոնք այսօր ընդգրկված են ուժային կառույցներում և իրենց անվտանգության կամ վախերի հետևանքով Լիդյային ենթարկում են պատժի»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Ամո՛թ բոլոր այն կանանց, որոնք ընդգրկված են ուժային կառույցներում և իրենց վախերի հետևանքով Լիդյային ենթարկում են պատժի. Լարիսա Ալավերդյան