.jpg)
Ցանցերից մեկում տեսուչ է կալանավորվել․ հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին. Պետրոսյան
Վերջին շրջանում որոշակի հավելագրումների, թերգրանցումների փաստեր հայտնաբերեցինք մեր ուսումնասիրությունների արդյունքներում, որի վերաբերյալ նաև քրեական վարույթներ են հարուցվել, և այդ փաստերը դրվեցին նաև լիցենզիայից զրկելու հիմքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ միջինացված այս տարվա պլանով ՀԾԿՀ–ն սահմանել է մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ. «Դա մուտք եղած էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաէներգիայի քանակի տարբերությունն է։ Դրանից ներքև ցուցանիշներ կային, ինչը մեզ տարօրինակ թվաց, քանի որ այդ ցուցանիշով մենք գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի հարևանությամբ։ Դա շատ զարմանալի էր, որ այդպիսի ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ–ում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար արտադրողների արտադրած էլէներգիան էր թերգրանցվում։ Այսինքն ավելի շատ էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում և վճարվում էին վերջիններս։ Բացի այդ, մեծ թիվ էին կազմում պետական ու համայնքային ընկերությունները, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Այդ փաստերով կալանավորումներ տեղի ունեցան վերջերս»։
Ըստ Պետրոսյանի՝ այստեղ կա նաև երրորդ ռիսկը՝ որոշակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի գործարքներ կարող էին տեղի ունենալ. «Այսինքն ստվերային շրջանառություն՝ ստվերային գումարներով։ 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնված այս պահին, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին՝ 1 մլն-ից ավելի գումար»։