«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար
25/11/2025 08:41

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը շտապեց հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձևավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։

Քաղաքապետարանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցմանը, հայտնել է. «Երևան քաղաքի տոնական ձևավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր և գագաթներ: 

Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:

Արդյունքում պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ գրեթե 1 մլրդ դրամ կամ գրեթե 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար»։
 

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 2.5 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոնակատարությունների նախապատրաստության համար