Իշխանությանը մերձեցված նորահայտ «գործարարի» տնտեսական արշավանքները շարունակում են Հայաստանի մարզերում. AntiCor
25/11/2025 19:10

Իշխանությանը մերձեցված նորահայտ «գործարարի» տնտեսական արշավանքները շարունակում են Հայաստանի մարզերում. AntiCor

Իշխանությանը մերձեցված, նորահայտ «գործարար» Նարեկ Նալբանդյանի տնտեսական արշավանքները շարունակում են ընդլայնվել Հայաստանի մարզերում։ AntiCor-ը բացահայտում է հերթական դեպքը, որտեղ բիզնեսի սեփականատերը փաստացի հարկադրվել է զիջել իր սեփականությունը պետական լծակներով պայմանավորված ճնշումների արդյունքում։

Հրապարակումը՝ ստորև.

«Բանակցությունից՝ հարկային ստուգումներ

AntiCor-ի հետ զրույցում Գորիսում գործող սուպերմարկետներից մեկի սեփականատերը պատմում է հետևյալը․
Շաբաթներ առաջ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը առաջարկում է գնել նրա սուպերմարկետը՝ ենթակառուցվածքներով, սարքավորումներով և ամբողջ տնտեսությամբ։ Սեփականատերը հրաժարվում է՝ նշելով, որ վաճառելու ցանկություն չունի։

Երեք օր անց սուպերմարկետ են ներխուժում ՀՀ ՊԵԿ հարկային տեսուչները՝ սկսելով զանգվածային ստուգումներ։ Արդյունքում «հայտնաբերվում» են խախտումներ, որոնք գնահատվել են առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափում՝ առաջացնելով քրեական հետապնդման ռիսկեր։

Բիզնեսի գործունեության կասեցում՝ որպես ճնշման գործիք

Թեպետ սեփականատերը նախաձեռնում է վարչական բողոքարկման գործընթաց, սակայն, ի պատասխան դրա, հարկային մարմինը կասեցնում է բիզնեսի գործունեությունը։ Ինչպես հայտնի է, վարչական դատարանում նման գործերը ձգձգվում են տարիներով, իսկ այդ ընթացքում բիզնեսը կանգնում է ֆինանսական կործանման եզրին։

Սա դասական մեխանիզմ է, երբ պետական լծակները օգտագործվում են ոչ թե հարկային կարգապահությունը ապահովելու, այլ բանակցությունների ընթացքում ազդեցության գործիք ստեղծելու համար։

Երկրորդ այց. «բարեկամական» առաջարկ արդեն կոտրված բիզնեսին

Մի քանի օր անց, նույն ներկայացուցիչը կրկին այցելում է սեփականատիրոջը՝ այս անգամ արդեն «բարեկամաբար» առաջարկելով վաճառել բիզնեսը, ինչը հարկային ճնշումներով հասցվել է սնանկության եզրին։ Սեփականատերը, այլ ելք չտեսնելով, համաձայնում է գործարքին․ վաճառքը կատարվում է շուկայական արժեքի մոտ կես գնով։

AntiCor-ի գնահատականը ՝  կոռուպցիոն սխեմայի դասական օրինակ

Այս պատմության գիծը բաղկացած է բոլոր բնորոշ տարրերից՝

Պետական լծակների թիրախավորված կիրառում՝ կոնկրետ գործարարի շահերին ծառայեցված։

Հարկային ստուգումների ընտրովի ու կանխատեսելի ժամանակավորում՝ անմիջապես բանակցությունների ձախողումից հետո։

Բիզնեսի գործունեության արհեստական կասեցում՝ սեփականատիրոջ դիմադրությունը կոտրելու նպատակով։

Հաջորդող հարկադրված վաճառք շուկայականից ցածր գնով՝ հօգուտ իշխանամերձ ձեռնարկատիրոջ։

Սա մեկ դեպք չէ, այլ վտանգավոր նախադեպ, որը կարող է վերածվել տնտեսական ռեկետավորման ինստիտուցիոնալացված սխեմայի, երբ իշխանական հովանոցն օգտագործվում է մրցակիցների նկատմամբ առավելության համար։

AntiCor-ը շարունակելու է հետևել այս պատմությանը և հավաքել փաստեր՝ թե՛ ՊԵԿ-ի ներգրավվածության, թե՛ «88» սուպերմարկետների ցանցի ընդլայնման իրական մեխանիզմների շուրջ»։

Իշխանությանը մերձեցված նորահայտ «գործարարի» տնտեսական արշավանքները շարունակում են Հայաստանի մարզերում. AntiCor