.jpg)
Սիրիայում հերթական լարվածությունն է աճում․ հայերի շրջանում տուժածներ չկան
Վերջին մի քանի օրերին Սիրայի միաժամանակ մի քանի նահանգներում զգալիորեն լարվել է իրավիճակը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ լարվածությունը սկսվել է Հոմսի հատվածից և տարածվել Լաթաքիա և Տարտուս նահանգներ, իսկ այսօր արդեն բախումներ են գրանցվել Սիրիայի հարավ-արևմուտքում՝ Էս-Սուվեյդա նահանգում, որը դրուզներով է բնակեցված։
«Եթե Հոմսում, Տարտուսում և Լաթաքիայում լարվածությունը եղել է ալավիների և սունիների միջև, ապա Սուվեյդայում՝ սունիների և դրուզների միջև է եղել։ Հոմսի հարավի թաղամասը, որտեղ բախումները սկսվել են, հայկական թաղամասի հարևանությամբ է, բայց այդտեղ, եթե չեմ սխալվում, հայերի թիվը շատ քիչ է։ Հստակ տվյալներ չկան, թե այդտեղ քանի հայ է բնակվում, քանի որ քաղաքացիական պատերազմի ընթացքում էլ Հոմսը եղել է պատերազմի առանցքային թատերաբեմերից մեկը և այդտեղի հայերը տեղափոխվել են Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա»,-հավելեց նա։
Պետրոսյանը նշեց նաև, որ, տեղեկատվության համաձայն, հայերի շրջանում տուժողներ չկան։
«Ընդհանուր լարվածության պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում Սիրայի ամբողջ տարածքում նկատվող տարաբնույթ բախումներն են, որոնք պայմանավորված են էթնիկ և տարբեր կրոնական խմբերի միջև հակասություններով, և դրանք էլ իրենց հերթին հետևանք են Սիրիայի քաղաքացիական պատերազմի, դրա հետևանքով ձևավորված տրամադրությունների և տեղի ունեցած իշխանափոխության, ինչպես նաև արտաքին գործոնի ազդեցության։
Թշնամանքը, որը 2011 թվականից մինչև 2024 թվականը բյուրեղացել էր քաղաքացիական պատերազմի ընթացքում, չի անցել և ցանկացած պատեհ, առիթի այդ թշնամանքը կրկին ազդում է ներքին տրամադրությունների վրա՝ բախումների պատճառ դառնալով։ Ընդ որում, այդ թշնամանքի գրգռման վրա կարող են ազդել նաև արտաքին տարբեր գործոններ, օրինակ՝ Իրանն ու Իսրայելը, որոնց հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի Սիրիայում լինի արդյունավետ կառավարող իշխանություն, քանի որ այդ դեպքում գրեթե կզրոյանան Սիրիայի վրա ազդելու այդ երկու երկրների ջանքերը։
Դրանց հակառակ՝ Սիրիայի կայունացմանն ավելի կողմ է Թուրքիան, քանի որ այնտեղ կառավարում է Թուրքիայի հովանավորյալ իշխանությունը, և 2024 թվականի դեկտեմբերից ի վեր՝ Թուրքիան մեծ աջակցություն է ցուցաբերել Ահմադ աշ-Շարաանի կառավարությանը և հիմա էլ դա շարունակում է՝ փորձելով բավականաչափ ազդեցիկ ներկայություն ունենալ Սիրիայի տարածքում»։
Ամփոփելով իրավիճակը՝ Պետրոսյանը շեշտեց՝ Սիրիայի նոր ձևավորված կառավարությունը չի կարողանում ամբողջական վերահսկողություն սահմանել երկրում և ժամանակ առ ժամանակ տարբեր գործոնների ազդեցության տակ երկրի տարբեր հատվածներում ծագում են բախումներ։
Անդրադառնալով հայ-սիրիական ներկայիս հարաբերություններին, արաբագետը նշեց. «Կան շփումներ, կա Սիրիայի հետ ակտիվ համագործակցություն հաստատելու փորձ։ Սիրիայի նախորդ իշխանության՝ Բաշար ալ Ասադ կառավարման ընթացքում բավականաչափ սերտ էին հայ-սիրիական հարաբերությունները, փոխայցելություններ կային, Հալեպում հայկական հումանիտար առաքելություն էր գործում։ Իշխանափոխությունից հետո որոշակի անորոշություն առաջացավ երկկողմ հարաբերություններում։ Դրանից հետո մի շարք փորձեր արվել են դրանց վերանայման ուղղությամբ, եղել է փոխարտգործնախարարի այց Սիրիա, օրեր առաջ էլ Արարատ Միրզոյանը սիրիացի իր գործընկերոջ հետ էր հեռախոսազրույց ունեցել։ Փորձ է արվում որոշակի կայուն-համագործակցային հարաբերություններ ձևավորելու։ Իհարկե, շատ դժվար է հասնել համագործակցության այն մակարդակին, որը կար Ասադի վարչակարգի կառավարման շրջանում, բայց քանի որ Սիրիան շատ կարևոր երկիր է հայության և ՀՀ-ի համար, փորձ է արվում այդ հարաբերությունները վերականգնել»։
Պետրոսյանը սակայն նշում է մի շարք խանգարող գործոններ՝ հայ-սիրական հարաբերությունների կայունացման գործում.«Նախորդ վարչակարգի հետ ունեցած մեր հարաբերությունները, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունենում են Սիրիայում տրամադրությունների վրա։ Դեռ քաղաքացիական պատերազմի հետևանքներն ամբողջովին չեն անցել։ Մյուս կարևոր գործոններից են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք վերջին շրջանում բավականին սերտ համագործակցում են Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ։ Ասեմ ավելին՝ իրենց տարբեր հանդիպումների ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաները չեն վարանում հիշեցնել, որ ՀՀ-ն շատ բարձր մակարդակի հարաբերություններ է ունեցել Ասադի վարչակարգի հետ, իսկ իրենք նման համագործակցություն չեն հաստատել»։