.jpg)
«Երևանը ավերել են, սարքել շինարարական «պոլիգոն». էլ ծառ չկա հատելու, որ դրա տեղը շենք կառուցեն». Բնապահպանը՝ օդի աղտոտվածության պատճառների մասին
Երևանում մթնոլորտային օդի որակի ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են։ Որպես օդի աղտոտվածության հիմնական պատճառ՝ առողջապահության ոլորտի մասնագետներն ու բնապահպանները մատնանշում են մայրաքաղաքում վերջին տարիներին կանաչ տարածքների հաշվին ընթացող լայնածավալ շինարարական, կառուցապատման աշխատանքները։
«Երևանը ավիրել են, սարքել շինարարական «պոլիգոն»,- Aysor.am-ին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ հավելելով՝ հենց սա է օդի աղտոտվածության ամենամեծ պատճառը։
Նրա խոսքով՝ առանց այն էլ մայրաքաղաքում շատ չէին կանաչ տարածքները, իսկ այս իշխանությունները 7 տարվա իրենց կառավարման ընթացքում եղածն էլ ոչնչացրին։
«Տեսանք՝ Բուսաբանական այգում ինչքան ծառ հատվեց, ինչ ահռելի ծավալի շինաշխատանքներ են այնտեղ արվում, տեսանք՝ Մոնումենտում ինչ կատարվեց.հատեցին, քանդեցին ու շարունակում են կառուցապատել, Դալմայի այգիները ոչնչացրին, կառուցապատումը այստեղ էլ է շարունակվում, հիմա անցել են կենտրոնին: Պուրակներ չունենք, էլ ծառ չկա հատելու, որ դրա տեղը շենքեր կառուցեն»,- ասաց Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ հատված բոլոր ծառերը կենսունակ են եղել ու տարիներ շարունակ նպաստել օդի մաքրությանը.
«Սրանք ի՞նչ արեցին՝ հասուն ծառերը կտրեցին, դրանց տեղը ինչ-որ տնկիներ են տնկում, այդ տնկիները կամ կաճեն կամ չեն աճի, որովհետև ոռոգման կարգին համակարգ էլ չկա: Այս ամենի հետ՝ այսքան հրդեհներ, էս մուխն ու ծուխը ՝ մեթանը, CO2-ն օդի մեջ են, մենք ամեն օր դա ենք շնչում...»։
Սիլվա Ադամյանը վրդովմունքով ընդգծեց՝ այն, ինչ այս իշխանություններին արեցին մեր քաղաքի հետ, հանցագործություն էր: