Մեր նկատմամբ իրականացվող ճնշումները չեն տարբերվում բռնապետական երկրների գործողություններից. AntiFake.am կայքի խմբագիր (Տեսանյութ)
26/11/2025 15:21

Մեր նկատմամբ իրականացվող ճնշումները չեն տարբերվում բռնապետական երկրների գործողություններից. AntiFake.am կայքի խմբագիր (Տեսանյութ)

AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն այսօր քաղբանտարկյալների թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց  «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի  և Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կոպիտ փաստերը։

«Վերջին տարիներին, հատկապես վերջին ամիսներին, ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ալիքը նոր թափ է հավաքել՝ իր բնույթով ու ծավալներով չզիջելով անգամ  բռնապետական Ադրբեջանին։

Ես և մեր թիմի անդմաները մեր մաշկի վրա զգում ենք դա։ Նոյեմբերի 13-ին ՀՀ-ում տեղի ունեցավ  մեդիայի դեմ հերթական խայտառակ արշավը։ ԱԱԾ դիմակավորված ներկայացուցիչները ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի, ով  AntiFake.am -ի հիմնադիրն է և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, խուզարկություններ իրականացրեցին և դիմադրություն ցույց չտվող Նարեկին և Վազգենին ձերբակալեցին ու տարան։ Այդ գործողության ընթացքում խուզարկություն իրականացրեցին նաև AntiFake.am-ի խմբագրությունում՝ առգրավելով լրատվականի գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան։ Բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր տեսանկարահանող դրոնները, միկրոֆոնները, անգամ շտատիվները, ուղիղ եթերի և ձայնի համար անհրաժեշտ ամբողջ  տեխնիկան, անգամ խմբագրության անվտանգության տեսախցիկն ու տեսաձայնագրիչը»,-ասաց նա։

Մաթևոսյանը շեշտեց՝ այս գործողությունները որևէ կերպ հնարավոր չէ կապել շինծու  քրեական գործի նախաքննության հետ, քանի որ կրիչ չպարունակող շտատիվները, միկրոֆոնները չեն կարող իրենց մեջ գործի քննության համար  էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակել։

Ըստ Մաթևոսյանի՝ միակ նպատակը լրատվամիջոցի գործունեությունը խափանելն էր.«Ա1+-ին լիցենզիայից  զրկելու մասին կոկորդ պատռող ռեժիմի պարագլուխը  երեսպաշտության հերթական գերդոզավորումն ապահովեց՝ փաստացի դադարեցնելով մեր խմբագրության գործունեությունը։

Լրատվականի տեխնիկան շինծու քրեական գործի շրջանակներում առգրավված է և կես ամիս անց դեռ վերադարձված չէ։ Այսքանով իրավապահների ապօրինությունները չդադարեցին. լրտվականում խուզարկության ավարտին իրավապահները ոլորեցին մեր լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձեռքերը, ձերբակալեցին, առանց որևէ հիմքի՝ 3 օր ժամկետով։ Հաջորդ օրը ձերբակալեցին նաև մեր օպերատոր Իշխան Խոսրովյանին, իսկ մեր լրատվականի երկու առանցքային ներկայացուցիչներին՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, կալանավորեցին 2 ամսի ժամկետով։ Աբսուրդն այն է, որ նույն հոդվածով, որով 2024 թվականին հետապնդվել էին և լիովին արդարացվել էին առաջին ատյանի դատարանի կողմից»։

Մեր նկատմամբ իրականացվող ճնշումները չեն տարբերվում բռնապետական երկրների գործողություններից. AntiFake.am կայքի խմբագիր (Տեսանյութ)