«Մայրը կարտոֆիլի կլեպներն էր տապակում»․ սոցիալական խնդիրներն ու բարեփոխումների «զոհերը»․ Լուսանկարներ
27/11/2025 12:04

«Մայրը կարտոֆիլի կլեպներն էր տապակում»․ սոցիալական խնդիրներն ու բարեփոխումների «զոհերը»․ Լուսանկարներ

Առավոտը Վարդուհու համար ոչ թե մեկ բաժակ սուրճով է սկսվում, այլ հերթական անհանգիստ մտքերով․ ինչպե՞ս է այսօր ընտանիքի կարիքները հոգալու։ Հոգսաշատ օրը հաճախ առավոտյան 6-ից է սկսվում, երբ դեռ բոլորը քնած են, սոցիալական խնդիրները հանգիստ չեն տալիս։

Վարդուհի Հարությունյանը 2 երեխաների մայր է՝ 15 և 16 տարեկան։ Որդին՝ 15-ամյա Սեյրանը, դաունի համախտանիշ ունի, մայրիկի մշտական խնամքի տակ է, ինչն էլ անհնար է դարձնում աշխատելը։

«Ինքը աչքերը բացում է ու ուզում է դուրս գնալ։ Եթե անգամ 1 րոպե ուշադրությունս շեղեմ, տնից փախչում է։ 2 օր առաջ հարևանն էր տեսել, տնից փախել էր ու գերեզմանների կողմ էր գնում։ Ստիպված շաբաթ-կիրակի օրերին, երբ աղջիկս տանն է լինում, թողնում եմ իր մոտ ու գնում եմ տուն մաքրելու, բայց դե մեկ է՝ կարիքներն ավելի շատ են, քան՝ վաստակած գումարը», - պատմում է Վարդուհին։

Հայտնի մի խոսք կա՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։ Վարդուհու պարագայում տեղին է ասված, քանի որ 8 տարի առաջ ամուսինն էլ աշխատավայրում ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել։ 2-րդ կարգ ուներ, հիմա 3-րդ են դարձրել։

«Աջ ձեռքը ընդհանրապես չի կարողանում շարժել ու տան ամբողջ հոգսը ինձ վրա է մնացել։ Ամուսնուս համար գոնե պահակի գործ ենք փնտրում, որ կարողանա աշխատել ու դեռ երկար այսպես անհույս կփնտրենք»,-պատմում է Վարդուհին։

Ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը մնացել է որդու ու ամուսնու հաշմանադամության թոշակը, մեկը՝ 31 000, մյուսը՝ 39 000 դրամ։ Ընտանիքը նաև 31 000 դրամ անապահովության նպաստ էր ստանում, բայց դա էլ են կտրել։ Ասել են՝ նոր համակարգով չափանիշներին չի համապատասխանում։ Չնչին թվացող այս գումարն էլի մի հոգս թեթևացնում էր։ Հիմա Վարդուհու պայքարը այդ չնչին գումարը վերականգնելու համար է։ 

«Հիմա, երբ նպաստը չենք ստանում, մեծագույն խնդիրը տղայիս համար տակդիր գտնելն է։ Գումարը չի բավականացնում, հազիվ սնունդ ենք առնում։ Իսկ նպաստս կտրել են, որովհետև մորս տանը սեփականատեր եմ, բայց այդ տանը մայրս ու եղբայրս են ապրում։ Ես ընտանիքիս հետ Եղվարդի մեր 2 սենյականոց բնակարանում եմ ապրում։ Սա ամուսնուս տունն է։ Խնդրել եմ, որ գան տունը նայեն, գնահատեն, բայց ոչ մի արձագանք։ Ոչ մի անգամ չեն եկել ու իմ աչքի առաջ նպաստ են ստանում այնպիսի ընտանիքներ, որ տունը մտնում ես բերանդ բաց է մնում», - ասում է նա։

Անապահովության գնահատման նոր համակարգը

Վարդուհին ու նրա ընտանիքը, մեղմ ասած, սոցիալական աջակցության ոլորտում վերջերս կատարված օրենսդրական բարեփոխման առաջին «զոհերից» են։ Առայժմ փորձարկվում է միայն երկու՝ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Մյուս մարզերում և Երևան քաղաքում այս համակարգը սկսելու է գործել 2026 թ․-ի հունվարի 1-ից։

Անապահովության գնահատման նոր համակարգի թիրախում ծայրահեղ աղքատներն են։ Այս փոփոխությունը Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրից է, որի նպատակներից է մինչև 2026 թ․ Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը ու ինչպես արդեն տեսանելի է, այն ոչ թե կրճատելու, այլ խորացնելու է սոցիալական վատ վիճակում գտնվողների վիճակը։

Նոր գնահատման համակարգի տրամաբանությունը հետևյալն է․ ընտանիքի անապահովությունը գնահատվում է եկամուտների հիման վրա, և սահմանվում են 4 շեմեր։ Ընտանիքը, կախված որ շեմի տակ է ընկնում, կարող է ունենալ նպաստի իրավունք, եռամսյա հրատապ օգնության իրավունք կամ օգտվել այլ ծառայություններից, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։

2025-ից ընտանիքի նպաստների մոդելը փոխվել է։ Նախկինում առանձին տրամադրվող ընտանեկան և սոցիալական նպաստները միավորվել են մեկ համակարգի՝ «անապահովության նպաստ» անվան տակ։ Նպաստը ստանում են այն ընտանիքները, որոնց մեկ անձի հաշվով ամսական եկամուտը ցածր է կառավարության սահմանած շեմից՝ 2025 թ․ – 34,581 դրամ։ Բացի այդ, ներդրվել են անապահովության աստիճաններ՝ «ծայրահեղ», «չափավոր», «միջին» և «անապահով», որոնց հիման վրա որոշվում է՝ ընտանիքը կստանա նպա՞ստ, արտոնյալ ծառայություննե՞ր, թե՞ միայն ծառայություններ։ Նոր համակարգում, բացի եկամուտների հաշվարկից, սահմանվել են նաև բացառող գործոններ, որոնց դեպքում դիմումը մերժվում է։ Օրինակ՝ եթե ընտանիքի անշարժ գույքի գույքահարկը գերազանցում է սահմանված շեմը, ապա նպաստ չի տրամադրվում։ Այս շեմը մարզերում սահմանված է տարեկան 4200 դրամ, իսկ Երևանում՝ 12000 դրամ։

«Նոր համակարգով հաշվարկի համար հիմք է ընդունվում տվյալ դիմողի ընտանիքի անդամի սեփականության իրավունքի բաժնեմասի համապատասխան չափը, այսինքն նոր համակարգի հիմքում ընտանիքի եկամուտներն ու ակտիվներն են, քանի որ թիրախային խումբը ծայրահեղ աղքատներն են։ Մի շարք բացառող գործոններ ենք սահմանել, որից մեկն էլ գույքահարկի սահմանաչափի գերազանցումն է, և տվյալ քաղաքացու դիմումը օգոստոսի 11-ին մերժվել է հենց այդ հիմքով», - Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության, ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։ 

Բացառող հիմք կարող են հանդիսանալ նաև ընտանիքի կենսապայմանները։ Տնային այցելության ժամանակ արձանագրված բարեկեցության բարձր ցուցանիշը ևս կարող է հիմք լինել նպաստի մերժման, սակայն գույքի առկայության դեպքում վատ կենսապայմանները չեն կարող ազդել մերժման վրա։ Ու ի՞նչ է ստացվում, որ եթե անգամ ժառանգություն ստացած 4 պատ ունես, որի գույքահարկը մի քիչ բարձր է, ապա անապահով համարվել չես կարող, եթե անգամ ուտելու հաց չունես։ Տվյալ դեպքում միայն առաջարկում են դիմել միասնական սոցիալական ծառայություն՝ հասկանալու համար հնարավո՞ր է որևէ աջակցություն ցուցաբերել ընտանիքին։ 

Այս մոտեցումը, մեղմ ասած, անարդար է, որովհետև գույքի հարկային արժեքը միշտ չէ, որ արտացոլում է ընտանիքի իրական սոցիալական վիճակը։ Իրականում կարող է ավելացնել աղքատների և ծայրահեղ աղքատների թիվը, քանի որ սոցիալական աջակցությունից դուրս են մնում մարդիկ, ովքեր փաստացի ապրում են ծանր պայմաններում։ 

Բարեգործությունը լուծում է խնդիրներ, որը պետության պարտականությունն է 

Վիճակագրական կոմիտեի 2024 թվականի տվյալները վկայում են, որ հազարավոր ընտանիքներ դեռևս կանգնած են ամենօրյա կենսական կարիքները հոգալու դժվարության առաջ։ Այս թվերը ոչ միայն նկարագրում են խնդիրների խորությունը, այլ նաև ընդգծում են այն հրատապությունը, որով հասարակական ու բարեգործական նախաձեռնությունները փորձում են աջակցել առավել խոցելի խմբերին։

«Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք կանգնած են ծայրահեղ ծանր սոցիալական ու կենցաղային պայմանների առաջ։ Երբ ծնողներն ունեն առողջական կամ մտավոր խնդիրներ, նրանք հաճախ չեն կարողանում ապահովել իրենց երեխաների համար նվազագույն կենսապայմաններ՝ սնունդ, հագուստ և անվտանգ միջավայր։ Այսպիսի իրավիճակներում երեխաները մնում են անպաշտպան, իսկ ընտանիքները՝ ճակատագրի քմահաճույքին։ Հենց այս պատճառով հասարակության համատեղ աջակցությունը դառնում է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու համար երեխաների առողջության ու զարգացման լուրջ վտանգները», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է Հերմինե Անդրյանը, ով արդեն երկար տարիներ է՝ օգնում է երեխաներին ու անապահով ընտանիքներին։ «Եկեք օգնենք կարիքավոր երեխաներին» ֆեյսբուքյան խմբի միջոցով հավաքագրվում է օգնություն ու գումար, դրանք ուղղվում են սոցիալապես անապահով խավի կարիքներին։

Այս տարիների ընթացքում Հերմինեն իր աչքերով տեսել է այն, ինչ շատերը պարզապես չեն ուզում տեսնել։

«Ես իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են մայրերը կարտոֆիլի կլեպները տապակում, որ փոքրիկները գոնե մի բան ուտեն։ Սառը ձմռանը նրանք մերկ էին մնում՝ սառած ձեռքերով ու ոտքերով։ Տեսել եմ երեխաների, որ դպրոց են գնացել առանց գրքերի ու հագուստի, տեսել եմ նրանց աղբամաններից սնունդ հավաքելիս։ Քնել են առանց պատուհանի դոմիկում, առանց հատակի ծածկի ու ծածկոցի։ Հիվանդները չեն բուժվել, որովհետև փող չի եղել և ցավոք մահացել են։ Երեխաներին մանկատուն են տարել, որովհետև չեն կարողացել մինիմալ պայմաններն ապահովել։ Փոքրիկները դրսում մուրացկանություն են արել, սովից հյուծվել ու թուլացել են, մենք ենք հիվանդանոց տեղափոխել։ Եղել են երեխաներ, որ հոր կողմից բռնության են ենթարկվել, ուղարկել են շիշ հավաքելու, որ հայրը խմիչք գնի։ Մեծացել են բռնության ու վախի մթնոլորտում՝ հույսով, որ ինչ-որ մեկը կտեսնի ու կօգնի։ Տեսել եմ, որ երեխաները Ամանորին սոված են քնել մթության մեջ, առանց հոսանքի ու նվերի, երբ բոլորի տանը ճոխ սեղաններ են բացվում, հետո սնունդի մի մասը՝ աղբամանը նետվում», - պատմում է Հերմինեն, ով հաճախ անքուն գիշերներ է ունենում իր տեսած անմխիթար ու ծայրահեղ վատ պայմանների պատճառվ։

Հերմինեն նաև նշում է, որ որոշ դեպքերում հենց ծնողներն են մեղավոր, բայց նաև պետության կողմից հատկացվող աջակցությունն էլ բավարար չէ։ Թեև նախատեսվում են սոցիալական աջակցության որոշ ծրագրեր անապահով ընտանիքների համար, հատկապես այն դեպքերում, երբ ընտանիքում կան անչափահասներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ, սակայն այդ օգնության ծավալը մեծ ընտանիքների դեպքում հաճախ բավարար չէ՝ ապահովելու անգամ նվազագույն կենսապայմաններ։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաշերտ են

Նոր գնահատման համակարգը կենտրոնացել է ծայրահեղ աղքատության վերացման վրա։ Իհարկե, պետության պարտավորությունն է վերացնել ծայրահեղ աղքատությունը, բայց դա չի նշանակում, որ ջանքերը պետք է թուլացնել կամ ջանքեր չպետք է ուղղել աղքատացումը կանխելու վրա։ Նոր համակարգը կառուցված է հնի տրամաբանությամբ, այն է՝ մարդիկ խաբելու են պետությանը։ Նոր համակարգը կրկնում է հնի տրամաբանությունը՝ ընտանիքներին վերաբերվելով այնպես, կարծես նրանք թաքցնում են եկամուտ, ու ստիպում է ապացուցել, որ ստվերային եկամուտ չունեն, ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանը։ 

«Նոր համակարգը մի կողմից ավելի շատ շեշտադրում է եկամուտների ստուգման ու վերահսկողության մեխանիզմները, իսկ մյուս կողմից անտեսում է այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները ապրում են լրացուցիչ և շարունակաբար մեծացող ծախսերի պայմաններում։ Մեծ խնդիրն այն է, որ պետությունը նոր մեթոդաբանությամբ եկամուտ է վերագրում, այսինքն՝ հաշվում, ենթադրում է գոյություն չունեցող եկամուտներ և դրանով դուրս է մղում ընտանիքներին նպաստից։ Ավելին՝ պետությունը հաշմանդամության նպաստը նույնպես դիտարկում է որպես եկամուտ, մինչդեռ դա կենսամակարդակը բարելավող եկամուտ չէ։ Այդ ծախսերի պատճառով նույնիսկ այն ընտանիքները, որտեղ կա հաշմանդամություն ունեցող մեկ անձ, կարող են կանգնել լուրջ սոցիալական ճգնաժամի առաջ», - նշեց Մուշեղ Հովսեփյանը։ 

Ըստ նրա, հաշմանդամություն ունեցող անձանց աղքատության հետ կապված խնդիրները բազմաշերտ են։ Օրինակ՝ եկամուտների անբավարար լինելն ու դրան զուգահեռ լրացուցիչ ծախսերը։ Հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների ընտանիքներում բժշկական, դեղորայքային և տրանսպորտային ծախսերը մի քանի անգամ ավելի բարձր են, քան այլ ընտանիքներում։ 

«Նաև չկան կամ շատ անհասանելի են տարբեր կենսական ծառայություններ։ Օրինակ՝ ակնկալել, որ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող անձի ընտանիքի անդամը կաշխատի և կշարունակի կայուն եկամուտ ունենալ այդ ընտանիքը, ցավոք, իրատեսական չէ այն պայմաններում, երբ չկան խնամքի զանազան ծառայություններ։ Եղածներն էլ սպասարկում են միայն փոքր թվով մարդկանց կամ այն ծավալների են, որ միևնույն է՝ չեն ստեղծում աշխատելու պայմաններ», - նշում է նա։

«Ներդրված ծրագիրը, որը նախատեսում էր անձնական օգնականի ներգրավում և ծնողին որպես խնամակալ վարձատրելու հնարավորություն, չկարողացավ իրականում լուծել խնդիրները․ այն չծառայեց իր հիմնական նպատակին և մնաց անարդյունավետ», – ընդգծում է Մուշեղ Հովսեփյանը։

Նոր համակարգը խնդրահարույց է, և արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ այն ՍԴ-ում բողոքարկելու համար։

Ինչպես տեղեկացանք ՄԻՊ-ից, բարձրացված հարցերի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավասու պետական մարմինների հետ վարում է հաղորդակցություն՝ խնդիրների լուծումներ գտնելու նպատակով։ Ամբողջական տեղեկատվության ամփոփումից հետո խոստացան հրապարակային հանդես գալ: 

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները խոստանում էին կտրուկ նվազեցնել աղքատությունը՝ ստեղծելով սոցիալական արդարություն, փոխարենն ունենք այն, ինչ ունենք։ Մասնավորապես, եթե 2018թ-ին աղքատ էր Հայաստանի բնակչության 23․5 տոկոսը, ապա 2023թ-ի տվյալներով աղքատ էր բնակչության 23․7 տոկոսը։ Քիչ, բայց աճել է նաև ծայրահեղ աղքատ քաղաքացիների թիվը՝ 1 տոկոսից հասնելով 1․1 տոկոսի, այսինքն 3000-ից ավելի մարդ ապրում է ծայրահեղ աղքատ վիճակում, առնվազն այդքան ընտանիքում երեխաները քնում ու արթնանում են սոված ու սառած։ 

Հեղինակ`Սաթենիկ Հայրապետյան
«Մայրը կարտոֆիլի կլեպներն էր տապակում»․ սոցիալական խնդիրներն ու բարեփոխումների «զոհերը»․ Լուսանկարներ