«Միգուցե վերջում պարզվի՝ իրենք ճիշտ են, կամ պարզվի՝ սքեմ հագնելու իրավունք ընդհանրապես չունեն» . Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ
28/11/2025 20:34

«Միգուցե վերջում պարզվի՝ իրենք ճիշտ են, կամ պարզվի՝ սքեմ հագնելու իրավունք ընդհանրապես չունեն» . Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ

«Ես նախապես որևէ բան չեմ կարող ասել, որովհետև դեռ ամեն ինչ պարզված չէ: Այսօր մեկին դավաճան ենք ասում, հաջորդ օրը պարզվում է, որ դավաճան չէր կամ դավաճան էր: Դրա համար այս պահին որևէ պարզաբանում չեմ կարող տալ: Ամեն ինչ  քողարկված է ու վարագույրների հետևում է: Տա Աստված, որ ամեն ինչ հարթվի, ու եկեղեցին չսասանվի»,- Aysor.am-ին ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ անդրադառնալով հակաեկեղեցական գործընթացներին միացած Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի և մի քանի այլ եպիսկոպոսների գործողություններին:

Տեր Անդրեասը չի շտապում քննադատել Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձի հետ հանդիպման գնալու՝ Վրթանես Սրբազանի քայլը. «Չգիտեմ գնալու, հանդիպելու դրդապատճառները, դրա համար չեմ կարող կոնկրետ հարցի պատասխանել ու դառնալ այդ խոսույթի շարունակողը կամ հերքողը: Օրեր հետո միգուցե ինչ-որ բան ասեմ, եթե իմանամ ճշմարտությունը։ Հիմա եթե չգիտեմ.  ինչու ստից բաներ խոսեմ»:

Տեր Անդրեասն ասաց՝ ինքը կողմ չէ Վեհափառի հրաժարականի օրակարգին ու որևէ մեկի հրաժարականը չի պահանջում.

«Ես օրհնություն եմ ստացել ու իմ ծառայությունն եմ անում, ես ո՞վ եմ, որ որևէ մեկի հրաժարականը պահանջեմ: Բայց կրկնում եմ՝ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ՝ ինչ է կատարվում: Ես ընդհանրապես համաձայն չեմ, որ եկեղեցին սասանվի, մնացածի մասին տեղյակ չեմ, որ ասեմ՝ արդար են կամ արդար չեն: Միգուցե վերջում պարզվի՝ իրենք իրոք ճիշտ են, կամ պարզվի, որ իրենք ընդհանրապես սքեմ հագնելու իրավունք չունեն»:

«Միգուցե վերջում պարզվի՝ իրենք ճիշտ են, կամ պարզվի՝ սքեմ հագնելու իրավունք ընդհանրապես չունեն» . Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ