Կաթի, մսի և բանջարեղենի թանկացում․ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի գյուղոլորտի կառուցվածքային ճգնաժամը
28/11/2025 16:39

Կաթի, մսի և բանջարեղենի թանկացում․ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի գյուղոլորտի կառուցվածքային ճգնաժամը

Վերջին ամիսներին մեր երկրում թանկացել է կաթնամթերքն ու մսամթերքը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի համար դա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով վերջին տարիների անասնապահության ոլորտում ընդհանուր միտումները։

«Ամեն տարի երկրում խոշոր եղջերավոր կենդանիների խմբաքանակը կրճատվում է։ Պատճառն այն է, որ խոշոր եղջերավորների պահելը բավականին ծախսատար է, իսկ կաթը՝ էժան։ Մթերվող կաթը չէր կարողանում մրցակցել ներկրվող կաթի փոշու հետ։ Գյուղերում, որտեղ նախկինում մի քանի նախիր կար, հիմա մեկ հատ է մնացել։ Անասնագլխաքանակի կտրուկ նվազում է նկատվում, բոլորը դա ահազանգում են։ Եվ այս ամենն իր ազդեցությունը պետք է թողներ և՛ կաթի գնի, և՛ մսամթերքի գնի վրա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։

Մասնագետի խոսքով՝ սովորաբար դեկտեմբեր ամսին ունենում ենք մսամթերքի վաճառքի կտրուկ աճ՝ պայմանավորված նախատոնական գնումներով. «Դրա համար ընդունված է, որ նախատոնական շրջանում ունենում ենք գների որոշակի աճ։ Դա վերաբերում է և՛ տավարի, և՛ խոզի մսին»։

Տնտեսագետը շեշտում է՝ Հայաստանում ձեռնտու չէ անասնապահությամբ զբաղվելը. «Այն ծախսատար է ու ոչ եկամտաբեր։ Օրինակ՝ կաթը լավագույն դեպքում մթերում էին 150 դրամ, որը ձեռնտու չէ։ Անասունների պահելը ավելի ծախսատար է, խոտը թանկ է։ Այսօր շատ գյուղերում նախրապանների խնդիր կա, չեն կարողանում գտնել։ Անասունների խնամքն էլ է շատ կարևոր»։

Պարսյանը հավելում է՝ այս տարի բավականին թանկացել են նաև լոլիկն ու վարունգը. «Շուկայում դա բացատրում են պարարտանյութի, վառելիքի թանկացմամբ և այլ գործոններով։ Որոշակի թանկացումներ են նկատվում ներկրվող ապրանքների մասով, օրինակ՝ նարինջի։ Թանկացումներ կան նաև տեղում արտադրվող բանջարեղենների մասով։ Մենք գյուղոլորտում պարբերաբար ունենում ենք կտրուկ աճեր և կտրուկ անկումներ։ Տարիներ առաջ կաղամբի ու վարունգի մեծ արտադրություն կար, գյուղացիներն այն էժանացրեցին, նույնիսկ մեծ քանակությամբ աղբը նետեցին, քանի որ չկարողացան վաճառել։ Իսկ արդեն հաջորդ տարիներին չէին արտադրում և այն թանկացավ»։

Ըստ նրա՝ երբ չեն կարողանում ՌԴ մթերք արտահանել, դա որոշակի խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար, սակայն երբ արտահանում են, դա էլ բերում է տվյալ մթերքի գնի որոշակի աճի։

Հարցին՝ այս ամենի վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել Գյուղատնտեսության նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությանը միացնելը, Պարսյանը նշեց. «Կարծում եմ՝ Գյուղատնտեսության նախարարության միացումն իրականացվել է տեխնիկական նպատակով՝ որոշ բովանդակային հիմնավորմամբ։ Նրանք այն տրամաբանությունն էին առաջ քաշում, որ քանի որ էկոնոմիկան նաև զբաղվում է արտահանմամբ, հետևաբար միացնելը ճիշտ է։ Եթե իրենց այդ միացման արդյունքում մենք ունեցել ենք գյուղոլորտի արտահանման ծավալների աճ, արտադրության կտրուկ աճ, կասեի՝ այո՛, այդ որոշումն արդրացված է։ Բայց հետադարձ հայացքով, երբ նայում ենք, տեսնում ենք, որ նման փոփոխություններ չենք ունեցել, որը կարդարացներ իրենց մոտեցումը»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Կաթի, մսի և բանջարեղենի թանկացում․ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի գյուղոլորտի կառուցվածքային ճգնաժամը