.jpg)
«Կոմիտասի շուկան էլ կավերեն». Ավագանու անդամը չի բացառում, որ չզեկուցվող հարցերի տակ շինթույլտվությունն էլ «սղացնեն»
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մտավախություն ունի, որ առաջիկայում կավերեն նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեցող Կոմիտասի շուկան:
Հիշեցնենք, որ շենքը պատկանում է «Ջի թի բի թաուեր» ընկերությանը, որի սեփականատերը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբոր փեսան է՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք վարչական վերաքննիչ դատարանում ԿԳՄՍ նախարարության դեմ հայցով հասել են մի որոշման, ըստ որի շուկայի շենքը չունի հուշարձան դառնալու հիմքեր, իսկ մյուսով, որպես հայցի ապահովման միջոց, դատարանը ԿԳՄՍՆ-ին արգելել է շենքը հուշարձանների պետական ցուցակում ներառել ու ներկայացնել կառավարության հաստատմանը։ Այս գործողությունները կասկածներ են առաջացնում, որ կառուցապատողը, շենքի հետնամասում բարձրահարկ կառուցելուց զատ, նպատակ ունի նաև հուշարձանի տեսքի հետ կապված փոփոխություններ կատարել, այդ նպատակով է սկսել դատական գործընթացները։
«Եթե քաղաքային իշխանությունը կամք ունի ու չի ուզում ավերել Երևանի պատկերը հերթական անգամ, մերժելու բոլոր հիմքերն ունի, և այդ հիմքը շինթույլտվություն պարզապես չտալն է»,- Aysor.am-ին ասաց ավագանու անդամը:
Մեսրոպ Մանուկյանն ընդգծեց՝ Կոմիտասի շուկան պատմամշակութային հուշարձան է , ու եթե ընկերությանը հաջողվել է ինչ-որ տեխնիկական խնդիր առաջացնելով՝ դատարանում հաղթանակ տանել, դա դեռ ոչինչ չի նշանակում.
«Վերջին շրջանում տեսնում ենք՝ իշխանություններն ինչ տեռոր են իրականացնում դատարանների նկատմամբ: Դատարաններն արդեն նայում են իշխանության դեմքին՝ հասկանալու՝ ինչ որոշում են ուզում ստանալ:
Այդ ընկերությունը շատ «խուճուճ» ընկերություն է, կապվում է Արամ Զավենի Սարգսյանի հետ: Իմ կարծիքով՝ դրա հետ է կապված նաև, որ իրենց կուսակիցներն ու քաղաքապետարանում ներկայացված անձինք պարբերաբար իրենց սոցիալական էջերում գովազդում են այս ընկերության գործունեությունը: Եթե իր հետ կապ չունեք, ինչո՞ւ եք այդքան ակտիվ գովազդով զբաղվում: Տարօրինակ է նաև, որ միլիարդավոր դրամների տենդերներ է այդ ընկերությունը շահել Արարատի մարզում, Երևանի Կասկադի նախագծում: Այս ամենը կասկած է առաջացնում, որ առաջիկայում իրենց կցորդներով շինարարական թույլտվությունն էլ չզեկուցվող հարցերի տակ կսղացնեն, դրական եզրակացությամբ կգնա»: