15 մլն եվրո տրամադրելով՝ ԵՄ-ն դասական կերպով միջամտում է Հայաստանի գործերին, ամեն ինչ անելու են, որ ընտրությունների միջոցով իշխանություն չփոխվի. Բադալյան
03/12/2025 11:52

15 մլն եվրո տրամադրելով՝ ԵՄ-ն դասական կերպով միջամտում է Հայաստանի գործերին, ամեն ինչ անելու են, որ ընտրությունների միջոցով իշխանություն չփոխվի. Բադալյան

Նախօրեին Բրյուսելում հայտարարվեց, որ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն 15 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։

ԵՄ բարձր ներկայացուցիչները նշեցին, որ դա կօգնի Հայաստանին ընտրություններից ընդառաջ հակահարված տալու կամ ավելի դիմացկուն լինելու ռուսական ապատեղեկատվության դեմ։

«Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, և որով Հայաստանը ևս հետաքրքրված է»,-ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Aysor.am-ի հետ զրույցում ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն ասաց, որ սա Հայաստանի ներքին գործերին միջամտելու դասական օրինակ է։ 

«Այլ երկրների միությունը՝ ԵՄ-ն, մեկ այլ երկրին 15 մլն եվրո է հատկացնում, որպեսզի նա պայքարի երրորդ երկրի հնարավոր միջամտության դեմ։ Հասկանալի է, որ այդպես էլ լինելու է, որովհետև Կայա Կալլասը նշեց, թե իրենք մոլդովական տարբերակով կպայքարեն Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներում։ Իսկ մոլդովական տարբերակի էությունն այն է, որ ԵՄ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և տեսնել, թե ինչպես է ՀՀ-ում ազատ, թափանցիկ ընտրությունների միջոցով տեղի ունենում հնարավոր իշխանափոխություն։ Սա նշանակում է, որ կկիրառեն հնարավոր բոլոր արդար և հատկապես ոչ արդար տեխնոլոգիաները, այսինքն՝ կուսակցություններին չգրանցելը, քարոզարշավները կգնահատվեն որպես պրոռուսական և դրա դեմ գումար կծախսեն։ Կայա Կալլասի խոսքը շատ հստակ մեսիջ էր, որ Հայաստանում դուք չեք կարող իշխանություն փոխել ընտրությունների միջոցով»։

Ընդդիմադիր գործիչներն, ըստ Բադալյանի, այդքան էլ լավ չեն ընկալում տեղի ունեցողը, նրանք օրինակ են դիտարկում Վաղարշապատի ընտրությունները և փորձում են իրենց սխալները շտկելով ԱԺ ընտրություններում հաջողություն ունենալ։

«Այդ տեսակետը սխալ է, ՏԻՄ ընտրություններում պայքարում են ընդդիմադիր տարբեր թևերը և ՔՊ-ն։ Իսկ ԱԺ ընտրությունները աշխարհաքաղաքական գործընթաց են։ Պետք է նշել, որ տրամադրվող այդ 15 մլն եվրոն միայն հրապարակային դաշտում է, չմոռանանք, որ մայիսին Երևանում ԵՄ քաղաքական հավաք է տեղի ունենալու, իսկ դա նախընտրական արշավ է և աջակցություն գործող իշխանություններին։ ԵՄ-ն ամեն ինչ անելու է, որ այս իշխանությունը կամ նրա հետ դաշնակցած արևմտամետ այլ ուժ մնա իշխանության։ Այս իշխանությունն ամբողջովին համապատասխանում է ԵՄ ցանկություններին»։

Քաղաքագետը պնդում է՝ ընդդիմությունը պետք է փոխի իր պայքարի ռազմավարությունը։

«Ընտրությունների համար թիվ մեկ դաշնակից պետք է գտնեն։ Այս պահի դրությամբ թիվ մեկ դաշնակիցը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որին բոլորովին դուր չի գալիս, երբ Հայաստանում ավելի է ամրապնդվում արևմտյան գործոնը։ Իրանի համար գլոբալիստների դեմ պայքարը գոյաբանական խնդիր է, մինչդեռ Հայաստանում հեռուստատեսային պատկերացում ունեն Իրանի մասին։ Իրենց թվում է, թե ՌԴ-ն կկարողանա իրենց օգնել, բայց պետք է նկատել, որ Ռուսաստանը Մոլդովայում ոչինչ չկարողացավ անել։ Ինչ էլ արեց՝ հաջողություն չունեցավ, պարտվեց։ Եթե ընդդիմությունը ռազմավարությունը չփոխի, շատ մեծ է հավանականությունը, որ պարտվելու է և գործող իշխանությունը ևս 5 տարով կշարունակի պաշտոնավարել»,-ասաց Արմեն Բադալյանը։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
15 մլն եվրո տրամադրելով՝ ԵՄ-ն դասական կերպով միջամտում է Հայաստանի գործերին, ամեն ինչ անելու են, որ ընտրությունների միջոցով իշխանություն չփոխվի. Բադալյան