.jpg)
Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է
Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։
Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։

Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային և դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետևյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։
Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թ. մարտի 3-ը։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

«Team-ը ընկերությունների խումբ է, որը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։ Վերջին տարիներին մենք շարունակաբար ամրապնդում ենք մեր դիրքը շուկայում՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն ունեն տնտեսության աճի, ծառայությունների որակի բարելավման և ներդրումային միջավայրի զարգացման վրա։ Team Holding-ը շարունակելու է գործել երկարաժամկետ, կայուն բիզնեսի սկզբունքներով՝ ավելացնելով ներդրողների համար հասանելի հնարավորությունները»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է. «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի և վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարևոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնումը։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ։ Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025 թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։