.jpg)
Հաջորդ տարին հայության տարին է լինելու. «Հայաթ փրոդաքշըն»-ի նոր բենդը՝ «Հայություն»-ը, գալիս է նոր որակ ու ռեկորդներ սահմանելու. Վահե Կիրակոսյան
«Հայաթ փրոդաքշըն»-ը արդեն դարձել է լեյբլ՝ պրոդյուսերական կենտրոն, որը զբաղվում է տարբեր արտիստների առաջխաղացմամբ։ Մենք շուրջ երկու տարի մտածում էինք նոր բենդ ստեղծելու, դրա առաջխաղացմամբ զբաղվելու մասին. մեզ համար տեսանելի էր՝ երաժշտասեր հանրությունն ունի դրա պահանջը և ահա, ծնվեց «Հայաթ փրոդաքշըն»-ի հերթական բենդը՝ «Հայություն»-ը։
«Հայաթ փրոդաքշն»-ի ղեկավարներից, Hayat Project-ի և «Հայություն» բենդի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ բենդի անվան ընտրությունը պայմանավորված էր նաև բենդի կազմն ընտրելու չափանիշով՝ «Հայություն» բենդում ընդգրկված երիտասարդները Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից են՝ Գյումրիից, Երևանից, Գավառից, ընդգծում է՝ Չարբախից, ինչպես նաև Արցախից, Մոսկվայից, դե, իսկ Սելինը կիսով չափ նիգերացի է, կիսով չափ՝ հայ։
Վահե Կիրակոսյանը վստահեցնում է՝ հաջորդ տարին «Հայություն»-ի տարին է լինելու՝.... բոլոր առումներով.
«Բենդն ասպարեզ է մուտք գործում նոր որակ, ինչպես նաև ռեկորդներ սահմանելու համար. «Հայություն»-ի համար արդեն գրվել է 25 երգ, ծրագրվել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել մոտ 12 տեսահոլովակ, ամեն ամիս հանդիսատեսին մատուցելու ենք մեկ անակնկալ, դե, իսկ առաջիկա երկու ամսվա համար նկարահանված տեսահոլովակների թիվը կարող է հասնել 12-ի. սա աննախադեպ է հայկական երգարվեստում, շոուբիզնեսում նման բան չի եղել երբևէ։
Նպատակ ունենք առաջիկա վեց ամսում բենդը դարձնել հինգ ամենապահանջված արտիստների ցանկի մաս»։
Վահե Կիրակոսյանն ընդգծում է՝ իհարկե, Հայաստանից հետո հաջորդ բեմահարթակները Սփյուռքի գաղթօջախներում են լինելու. «Հայություն»-ը երաժշտական տոն կնվիրի աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցներին։
«Հայություն» բենդի փակ շնորհանդեսի լուսանկարները՝ ստորև











