.jpg)
Փաշինյանն այս քայլերով պատրաստվում է ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիր. Ռազմական փորձագետը՝ զինծառայության ժամկետի կրճատման մասին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով։
Այս նախագիծը տարբեր քննարկումների առիթ էր հանդիսացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, թե հայկական բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։
Նա նշել էր, որ «մարտունակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխել «պաշտպանունակ բանակ»-ով։
Aysor.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն արձագանելով այդ մտքին, ասաց, թե «մարտունակ բանակ» հասկացությունը հստակ չափորոշիչներ ունի գնահատման համար։
«Երբ զորավարժություններ են տեղի ունենում, դրա նպատակը ստորաբաժանումների մարտունակությունը ստուգելն է. զենքի տիրապետում, զինվորական արվեստի տիրապետում, ստորաբաժանումների ներդաշնակում, կրակային զորավարժությունների ժամանակ նաև խոցելիության չափորոշիչների տիրապետում և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակ։
Հետևաբար, մարտունակությունը հստակ չափորոշներ ունի, իսկ պաշտպանունակությունը կենաց է։ Քանի որ այդ մարդը երկիրը կենացներով է կառավարում, դա վերաբերում է նաև այս հարցին»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Ինչ վերաբերում է ծառայության ժամկետի կրճատմանը, ռազմական փորձագետն ասաց, թե այն ինչ որ մեկի քմահաճույքով չի որոշվում։ Ծառայության ժամկետը որոշվում է տվյալ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, գնահատում են մարտահրավերները և անվտանգային սպառնալիքները։
«Որպես օրինակ նշեմ, որ 1948 թվականին Իսրայելի ստեղծման ժամանակ այդ պետությունը շրջափակված էր ոչ բարեկամ արաբական աշխարհի երկրներով։ Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գնահատելով իրենց նետված մարտահրավերները, ինչ-որ թվաքականի մասին որոշեց։ Այդ թվաքանակն էր ստիպում, որ արական սեռը ծառայում էր 8 տարի, իգական սեռը՝ 6։ Դա ոչ թե մեկի քմահաճույքն էր կամ վրեժխնդրությունը երիտասարդ սերնդից, այլ կյանքն էր ստիպում։
Ադրբեջանն ավելացրել է և՛ իր ռազմական ծախսերը, և՛ անձնակազմի թվաքանակը, էլ չեմ ասում նորագույն զինատեսակների մասին, այդ թվում՝ Պակիստանից վերջին սերնդի կործանիչները։ Հիմա հարց, երբ այդ երկիրը զինվում է, իր անձնակազմը մեծացնում է, նա որպես հավանական հակառակորդ ո՞ր երկրին է ընդունում։ Եթե Ադրբեջանը գնահատում է, որ խաղաղության հասնելու լավագույն ձևը «Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի» սկզբունքն է, ապա մեզ մոտ սկզբունքը հետևյալն է. «Խաղաղությո՞ւն ես ուզում՝ հանձնվիր թշնամուն, ստորագրիր կապիտուլյացիոն պայմանագիր»։
Ահավասիկ, Փաշինյանն այդ քայլերով պատրաստվում է ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիր։ Եվ երբ երկրի քաղաքացիները կհարցնեն, թե ինչո՞ւ դա ստորագրեցիր, նա կարող է ասել, թե մեր բանակն ունակ չի դիմագրավելու ադրբեջանական բանակի հարձակմանը, ուստի պետք է ընդունենք իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած բոլոր պայմանները։ Կարծում եմ, որ տրամաբանված է այս հիմնավորումը»,-նշեց փարձագետը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ էլ՝ սահմանային վայրերում ծառայություն իրականացնող անձանց տարեկան արձակուրդը 30 օր է, թիկունքային ծառայողներինը՝ 21 օր։
«Սա արդյո՞ք նույն տրամաբանության մեջ չի։ Չէ՞ որ այդ 30 օրն անձնակազմի թվաքանակն է կրճատում։ Սա նշանակում է, որ քո բանակն ունակ չի լինելու դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ հակառակորդի պահանջները, այդ թվում՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը խարխլող ցանկացած պայման, Փաշինյանը ստիպված է կատարելու։ Այդ օրենքների ընդունում դա է, այնպես, ինչպես եղավ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի ժամանակ։ Մեծ հաշվով, Փաշինյանը հիմա դրան է տանում։
Սա գործընթաց է, կա երկու ճանապարհ։ Առաջինը՝ միանգամից ստորագրում ես և արդյունքները փաստվում են, և երկրորդ ճանապարհը՝ աստիճանաբար։ Բայց վերջնարդյունքը նույնն է լինելու, եթե դա չխոչընդոտենք և չկասեցնենք»,-ասաց Հայկ Նահապետյանը։