«Աբսուրդ է. Արշակ Սրբազանին վերագրվող արարքն ու հոդվածը տարբեր բաների մասին են». Փաստաբան (Տեսանյութ)
05/12/2025 00:02

«Աբսուրդ է. Արշակ Սրբազանին վերագրվող արարքն ու հոդվածը տարբեր բաների մասին են». Փաստաբան (Տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը, ուսումնասիրելով Արշակ Սրբազանին ներկայացված մեղադրանքը,  կալանավորման  միջնորդությունն ու կից նյութերը, ընդգծել է՝ ամեն ինչ անպատկերացնելի աստիճանի աբսուրդային է։

«Եթե որևիցե մի փաստաբան ինձ պատմեր այն ամենը, ինչը ես եմ ասելու, պարզապես չէի հավատա այդ փաստաբանին, կասեի՝ իր պաշտպանյալի համար արդարացումներ է հորինում»,- ասել է Բաբայանը։  

Փաստաբանը շեշտել է՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող արարքն ու հոդվածը, որի «հիմքով» մեղադրանքն առաջադրել են, տարբեր բաների մասին են։

«Նախ՝ ինչի մասին է Արշակ Սրբազանին առաջադրված մեղադրանքը. հոդվածը, որն առաջադրել են, սահմանում է «թմրամիջոցների իրացում». իբր Արշակ Սրբազանը 2018 թվականին, երբ Վեհափառի դեմ ակցիաներ էին իրականացնում, հանձնարարել է, որ այդ ակցիայի մասնակիցների մեկի պայուսակում թմրամիջոց դնի, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենամեծ աբսուրդն սկսվում է հենց այստեղից։ Ապօրինի թմրամիջոցների իրացման հոդվածը, իրացման նպատակով թմրամիջոցների շրջանառումը, ոչ մի աղերս չունի նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Այսինքն՝ քննչականը հենց ինքը հերքում է այդ հոդվածը, որովհետև, ըստ մեղադրանքի, նպատակը եղել է ոչ թե իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ մեկին վարկաբեկելը։ Եթե նույնիսկ այն ամենը, ինչ նկարագրել են, ճիշտ լիներ, ապա այդ արարքն այստեղ գոյություն չունի։ Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով հանցագործությունը կապ ունի այստեղ նկարագրված գործողությունների հետ։ Այսինքն՝ չէր կարող լինել իրացման նպատակ։ Հենց իրենք են գրում, որ նպատակը ոչ թե իրացնելն է եղել, այլ ինչ-որ անձի վարկաբեկելը։ Այսպիսի զավեշտ չկա։ Կրկնում եմ՝ եթե փաստաբաններից ինչ-որ մեկն ինձ նման բան պատմեր, դժվար թե հավատայի»,- ասել է Բաբայանը։

Այս ամենի նպատակը շատ պարզ է՝ ամեն գնով ցանկանում են Արշակ Սրբազանին վերագրել վատ արարքներ, հավելել է նա։

«Հենց սա էլ վկայում է այն մասին, որ Սրբազանին  վերագրվող հայտնի տեսագրությունն էլ են կեղծել»,- ընդգծել է փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Աբսուրդ է. Արշակ Սրբազանին վերագրվող արարքն ու հոդվածը տարբեր բաների մասին են». Փաստաբան (Տեսանյութ)