Փաշինյանը փորձում է թուլացնել եկեղեցին և խառնաշփոթ ստեղծել. կրոնագետ
08/12/2025 13:29

Փաշինյանը փորձում է թուլացնել եկեղեցին և խառնաշփոթ ստեղծել. կրոնագետ

«Եկեղեցին պետական ինստիտուտ չէ, որ դրոշ տեղադրվի և օրհներգ հնչեցվի, դա առանձին կրոնական կազմակերպություն է, կրոնի մեջ աշխարհական փոփոխություններ մտցնելը սխալ է»,- Aysor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց կրոնագետ Ստեփան Ստեփանյանցը:

Կրոնագետի կարծիքով՝ կիրակնօրյա պատարագից առաջ չի կարող օրհներգ հնչել:  Ըստ նրա՝ անընդունելի է նաև եկեղեցու ներսում կամ տարածքում դրոշ տեղադրելը:

«Եկեղեցում նման բաներ չպետք է լինեն: Եկեղեցին ի՞նչ կապ ունի օրհներգի կամ դրոշի հետ, դա կրոնական բնույթ չի կրում, եկեղեցին ավելի լավ գիտի՝ ինչ է անում: Սխալ է եկեղեցուն կամ հոգևորականին ասել՝ այսպես կամ այնպես արա, ստացվում է՝ աշխարհականը թող գա և պատարագ անի, եկեղեցին ի՞նչ անի, եթե դու պետք է խառնվես նրա ներքին հարցերին: Ստացվում է, որ պետությունը խառնվում է եկեղեցական խնդիրներին: Նման բաներ եկեղեցուն բնորոշ չեն»,-հարց բարձրացրեց նա:

Ըստ Ստեփան Ստեփանյանցի՝ Փաշինյանը փորձում է թուլացնել եկեղեցին և խառնաշփոթ ստեղծել եկեղեցու ներսում:

«Պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցական ներքին հարցերին, դա ամենագլխավորն է: Նման փորձեր արվել են 1920, 1930-ական թվականներին՝ խորհրդային իշխանությունների ժամանակ, երբ պետությունը բռնություններ է կիրառել եկեղեցու հանդեպ: Դրոշ կանգնեցնել, խառնվել պատարագին, կրոնական հարցերին. դրանք նորոգչաբանական քայլեր են կոչվել: Պետությունը տարբեր քահանաներ էր վերցնում իր ձեռքի տակ և լարում դեպի եկեղեցին՝ տարբեր քայլերի դիմելով: Դա կոչվում է հակաեկեղեցական, կամ քայքայիչ աշխատանք: Եթե պետությունն ուզում է քայքայել եկեղեցին, ուրեմն՝ անում է  նման բաներ: Եկեղեցու հարցերին միայն հոգևորականներն իրավունք ունեն խառնվելու, աշխարհականն իրավունք չունի խառնվելու»,- նկատեց կրոնագետը:

Ստեփանյանցի խոսքով՝ անհրաժեշտ է ազգային եկեղեցական ժողով հրավիրել և քննարկել եկեղեցու շուրջ ծավալվող հարցերը:

«Եկեղեցու շուրջ հիմա ծանր վիճակ է: Իշխանությունն ուզում է կաթողիկոսին պաշտոնից զրկել: Ամեն ինչ արվում է դրա համար, իսկ վարչապետի՝ օրհներգ հնչեցնելու և դրոշ տեղադրելու մասին առաջարկներն ուղղված են հենց դրան: Իշխանության ձեռքին են բոլոր լծակները, եկեղեցին այսօրվա դրությամբ ճնշված վիճակում է, պետությունն ունի բոլոր հնարավորությունները ճնշելու եկեղեցուն, իսկ եկեղեցին իրեն պաշտպանելու մեխանիզմներ չունի: Շատ դժվար կացության մեջ է գտնվում այս պահին եկեղեցին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն  Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Բացի այդ, Փաշինյանն առաջարկում է նաև  քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը:

Հեղինակ`Մանյա Պողոսյան
Փաշինյանը փորձում է թուլացնել եկեղեցին և խառնաշփոթ ստեղծել. կրոնագետ