.jpg)
Սա հերթական միջամտությունն է եկեղեցու գործերին, ինչի սահմանադրական իրավունքը Նիկոլ Փաշինյանը չունի. վերլուծաբան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում բարձրացնել ՀՀ դրոշը, իսկ պատարագներից առաջ կատարել ՀՀ օրհներգը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ սա հերթական միջամտությունն է եկեղեցու գործերին, ինչի սահմանադրական իրավունքը Նիկոլ Փաշինյանը չունի։
«Թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի պլաններ ունի իր առաջ դրված, պետք է հասկանալ։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե հասարակությանն առաջնորդող քաղաքական, հասարակական խմբերն ինչպես կդիրքավորվեն և ինչպիսի աշխատանք կկատարեն հասարակության հետ։ Կարևոր է նաև, թե ինչպիսին կլինեն Հայ Առաքելական եկեղեցու գործողություններն այս ամենի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ եկեղեցին հանրության հետ այս թեմայով ունենա սերտ ու հասկանալի կոմունիկացիա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Բադալյանը հիշեցրեց օրերս Օդանավակայանում Գարեգին Բ-ի խոսքերը՝ «Հավատացյալներն են եկեղեցու ուժը», ինչը, ըստ քաղաքագետի, միանգամայն ճշգրիտ գնահատական էր. «Բայց այդ ուժը պահանջում է, որպեսզի լինի հասկանալի և հետևողական կոմունիկացիա եկեղեցու և հանրության միջև, այդ թվում՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս բացատրելու և հասկանալի դարձնելու իմաստով»։
Նրա խոսքով՝ սրանից է կախված լինելու հասարակության վերաբերմունքը. «Մտածել, որ հասարակությունն ինքնաբերաբար պետք է ինչ-որ բացասաբար վերաբերմունք ունենա այս ամենի նկատմամաբ, այդպես չի լինում»։
Հարցին՝ կկարողանա՞ն Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել, հաշվի առնելով այն, որ վերջերս ինչ նպատակ դնում է՝ ամեն գնով հասնում է դրան, Բադալյանը նշեց.«Հասկանալի է, որ պետական, իշխանական լծակները Նիկոլ Փաշինյանին տալիս են գործիքակազմի անհամեմատ առավելություն։ Բայց այստեղ խնդիրն այն է, թե այդ գործիքակազմը կիրառելու ոչ իրավաչափ գործողությունները հանրային ինչ հակազդեցություն են առաջացնելու։ Իհարկե, ինչի իրավասությունն ունի, բնականաբար, դա կարող է անել և այստեղ հանրային հակազդեցության հարց չի առաջանում, բայց այն, ինչի իրավասությունն ինքը չունի, հասարակությունը որքանո՞վ թույլ կտա իրականացնել, սա է խնդիրը։ Եթե թույլ տան, բնականաբար, նա կիրականացնի։ Բացի իր համախոհներից, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ հասարակական մեծ ալիք ձևավորել և ձեռնամուխ եղավ իշխանական տարբեր լծակներն օգտագործելու միջոցով իրավիճակն առաջ տանելու քաղաքականությանը։ Հակազդեցությունից է կախված, թե որտեղ կանգ կառնի Փաշինյանը։ Եթե տեսնի, որ առաջ գնալու տեղ կա, բնականաբար, կգնա»։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը, թե եկել է ժամանակը, որպեսզի հաջորդ պատարագն անցկացնեն Մայր Աթոռում, վերլուծաբանը նշեց. «Մենք անհավանական համարելու հիմքեր չունենք։ Մենք վաղուց հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անհավանական ոչինչ չկա»։