Քաղաքական գործոնը մեծ է. Ադրբեջանից նավթի հնարավոր ներմուծումը կարող է գները կտրուկ փոխել. տնտեսագետ
09/12/2025 15:25

Քաղաքական գործոնը մեծ է. Ադրբեջանից նավթի հնարավոր ներմուծումը կարող է գները կտրուկ փոխել. տնտեսագետ

Քանի որ քաղաքական գործոնը մեծ է, այստեղ դժվար է հստակ տնտեսական գնահատական տալ և ասել, թե արդյոք Հայաստանը կներկրի՞ նավթամթերք Ադրբեջանից և դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի շուկայում։ Այս մասին Aysor.am-ին ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

«Ուղղակի պետք է ուսումնասիրություններ իրականացնել և պարզաբանումներ ստանալ, օրինակ՝ ՌԴ-ն մեզ ի՞նչ գնով է վաճառում, Ադրբեջանն ի՞նչ գնով է պատրաստվում վաճառել, Թուրքիային ի՞նչ գնով է վաճառում։ Բայց քանի որ քաղաքական գործոնն այստեղ շատ է, հնարավոր է՝ պայմանագիր կնքելուց հետո ինչ-որ պատճառով գների կտրուկ տատանում լինի»,- ասաց նա։

Նույնիսկ ցորենի բարեհաջող տարանցումից հետո, նաև վրացական իշխանությունների հայտարարություններից հետո, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար, տնտեսագետը գործարքն ամբողջությամբ ռեալ չի համարում։ «Մենք այնպիսի անորոշության դաշտում ենք գտնվում, որ ամեն մի իրավիճակ կարող է տեղի ունենալ, անորոշության գործոնը շատ բարձր է, որովհետև ամեն օր մի փոփոխություն է տեղի ունենում, և ինձ համար որևէ տնտեսական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ փոփոխականության աստիճանը շատ բարձր է՝ ելնելով քաղաքական գործոններից»,- ասաց նա։

Գործարքի համար, ըստ Թավադյանի, շատ ավելի շահագրգռված է ադրբեջանական կողմը. «Այստեղ քաղաքական ազդեցություն է, ինչո՞ւ կախվածությունը չմեծացնես»։

Իսկ դիտարկմանը, թե որոշ գնահատականներով ՀՀ-ում նավթամթերքի շուկան մոնոպոլիզացված է և այս հնարավորությունը կարող է դրական ազդել բենզինի ու նավթամթերքի գների վրա, Թավադյանը պատասխանեց. «Դա արդեն այլ խնդիր է և այլ կերպ պետք է լուծվի, ոչ թե Ադրբեջանից նավթամթերք բերելու միջոցով»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Տեղեկությունը հաստատել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Հեղինակ`Նելլի Լազարյան
Քաղաքական գործոնը մեծ է. Ադրբեջանից նավթի հնարավոր ներմուծումը կարող է գները կտրուկ փոխել. տնտեսագետ