.jpg)
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց պատրաստ ենք աջակցել ՀՀ-ի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման 3-րդ հուշագիրն առնչվում է Հայաստանի սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը ՝ աջակցելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. տարեկան ամփոփ ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Իրականացման ուղղությամբ առաջին քայլը եղել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետների վերջերս կատարած այցը, որի ընթացքում կատարվել է Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության նախնական գնահատում, որը կհուշի հետագա համագործակցության ընթացքը։
Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի արդիականացումն ու ժամանակակից ենթակառուցվածքներն ուղղակիորեն նշանակում են ավելի քիչ ծախսեր և ձգձգումների նվազեցում։
Մենք նաև հանձնառու ենք աշխատել միասին՝ ամրապնդելու Հայաստանի կիբերանվտանգությունն ու կիբերպաշտպանությունը, և արդեն իսկ այստեղ ընդունել ենք մի քանի փորձագիտական խմբերի՝ լավագույն փորձը և կարողությունները ներկայացնելու համար»,-ասել է դեսպանը։
Ըստ դեսպան Քվինի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ իրենց աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում է վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։
«Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին և սահմանների անվտանգության և կառավարման բարելավմանը։
Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։
Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։
Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։
Գործարար համայնքին ուզում եմ ասել, որ մեր ջանքերն ու դրանց շրջանակը չի սահմանափակվում սոսկ վերջին համաձայնությունների շրջանակում ձևավորված հնարավորություններով։
Ուզում եմ ՀԱԱՊ-ի անդամներին հորդորել՝ ուշադրության կենտրոնում պահեք ու դիտարկեք մեր նոր գործընկերության շրջանակում ձևավորված հնարավորությունները, և կիսվեք մեզ հետ նոր գաղափարներով։
Որպես գործարար համայնքի անդամ դուք կարևորագույն դերակատարում ունեք մեր ընդհանուր տեսլականի իրագործման և Հայաստանի՝ որպես Արևելք-Արևմուտք կոմերցիոն կենտրոնի կայացման հարցում։
ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ձեզ հետ աշխատել՝ լիարժեք իրացնելու այն ներուժը, որ ի հայտ է եկել 2025 շրջադարձային առաջընթացի տարում։
Նախորդ տարում բացված հնարավորությունները օգտագործելու պահն հենց հիմա է։ Ես սիրով կաշխատեմ ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպեսզի 2026-ը լինի նույնիսկ ավելի ազդեցիկ»,-ասել է նա։