.jpg)
Տեղի է ունեցել իշխանության զավթում, և Մարդու իրավունքների պաշտպանն այսօր իրեն չի դրսևորում որպես անկախ մարմին. Լարիսա Ալավերդյան
Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այս տարի Հայաստանի համար նշվում է իրավական լուրջ մտահոգությունների ֆոնին։ Aysor.am-ը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։
Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում այսօր առկա է իշխանությունների զավթման ակնհայտ պատկեր՝ գործադիր իշխանությունը փաստացի ազդեցության տակ է վերցրել թե՛ օրենսդիրը, թե՛ դատականը։ Նրա համոզմամբ, այս իրավիճակը չի կարող չանդրադառնալ նաև մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի վրա։
«Տեսնում ենք, որ այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը կախվածություն ունեն գործող իշխանություններից։ Ես կոշտ խոսք չեմ ուզում ասել այդ հաստատության հասցեին, քանի որ այն ինձ համար շատ թանկ է։ Բայց այսօր, ցավոք, նրանք իրենց չեն դրսևորում որպես անկախ մարմին»,-նշեց առաջին պաշտպանն՝ ընդգծելով, որ իր ղեկավարման տարիներին պաշտպանական ինստիտուտը լիարժեք վերահսկում էր գործադիրի գործելաոճը և արձագանքում մարդու իրավունքների խախտումներին։
Ալավերդյանը հիշեցրեց, որ 2004–06 թվականներին «այնպիսի նշաձող է դրվել, որը հետո օրինակ է ծառայել մնացած բոլոր պաշտպանների համար», և միայն ափսոսանք հայտնեց, որ ներկայում ՄԻՊ-ը չի պահպանում այդ մակարդակը։
Ալավերդյանը նաև անդրադարձավ Սահմանադրության այն հոդվածներին, որոնք վերաբերում են պետություն–եկեղեցի հարաբերություններին։
«17-րդ հոդվածի երկրորդ կետը խստիվ արգելում է, որ իշխանությունը միջամտի եկեղեցու ներքին հարցերին»,– ասաց նա՝ մեջբերելով Սահմանադրության համապատասխան դրույթները։
Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։
Ալավերդյանն ընդգծեց, որ եկեղեցին «այն հզոր և միակ հաստատությունն է, որը միավորում է ամբողջ հայությանը», և դրա նկատմամբ իշխանության միջամտությունը ոչ միայն հակասում է Սահմանադրությանը, այլ նաև հանգեցնում է շարքային մարդու իրավունքների անտեսմանը։
Նա հատկապես կոշտ գնահատական հնչեցրեց եվրոպական կառույցների հասցեին՝ նշելով, որ նրանք նախկինում արագ էին արձագանքում մարդու իրավունքների խախտումներին, սակայն այսօր պահպանում են լռություն․
«Այս երևույթների հանդեպ Եվրոպան հանցավոր լռություն է ցուցաբերում։ Սա խոսում է եվրոպական մարմինների անբարոյական և հակաիրավական կեցվածքի մասին»։
Ալավերդյանը հավելեց, որ պարզվել է՝ նախկինում եվրոպական աջակցությունն ուղղված էր ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ այն անձանց դեմ պայքարին, որոնք ժամանակին եղել են Արցախի ազատագրման անդամներ։
Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանը կոչ արեց հասարակությանը չընկրկել․
«Մենք պետք է ոչ թե հիասթափվենք, այլ մեր ուժերը տասնապատիկ օգտագործենք, չտրվենք իշխանությունների անգրագետ գործողություններին և կոչերին։ Ամեն ինչ վերջ ունի, սա էլ է վերջ ունենալու»։