ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվի պնդումներին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին
10/12/2025 15:38

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվի պնդումներին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն Aysor.am-ի հետ զրույցում  արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ 

 «Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:

Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,-նշեց Բադալյանը։

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվի պնդումներին, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին