.jpg)
Արցախի խնդիրը միջազգային ատյաններում մնացել է անտեր, իսկ ՀՀ իշխանությունները անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի. Տիգրան Թորոսյան (Տեսանյութ)
Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանություններն Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի՝ նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը և այն դարձնել մանրադրամ՝ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար, «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» խորագրով լսումների ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
«Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ, առանց հակամարտության գլխավոր կողմի՝ Արցախի համաձայնության, լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանը միջազգային հարաբերություններում այսօր չունի քաղաքական գործիքներ՝ կիրառելու ի շահ պետության։ Նոր աշխարհակարգի ձևավորման մրցակցությունը թևակոխել է կոշտ բախումների փուլ և ազդեցիկ պետությունները ցանկացած միջոց փորձում են օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Այդուհանդերձ, վերադարձն այլընտրանք չունի, սակայն ակնհայտ է նաև, որ նման բարդ իրավիճակում առկա ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար»,-ասաց Տիգրան Թորոսյանը։
Նա նշեց, թե անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, աջակցել նրանց և համակարգել աշխատանքը։
Այդպիսի բազմավեկտոր ու բարդ խնդիր լուծելու համար, ըստ Թորոսյանի, կարևոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։
«Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա պիտի լինի մեր գործողությունների հիմքը։ Հետևաբար, վերադարձը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է դառնա առաջին քայլը խախտված ինքնորոշման իրավունքի վերականգնման և իրացման համար»,-ասաց Տիգրան Թորոսյանը։