Առանց հստակ միջազգային երաշխիքների՝ հավաքական վերադարձն Արցախ հավասարազոր է ինքնասպանության, բայց վերադարձ պետք է լինի. Արմինե Ալեքսանյան (Տեսանյութ)
10/12/2025 13:40

Առանց հստակ միջազգային երաշխիքների՝ հավաքական վերադարձն Արցախ հավասարազոր է ինքնասպանության, բայց վերադարձ պետք է լինի. Արմինե Ալեքսանյան (Տեսանյութ)

Հավաքական վերադարձն Արցախ այսօր իրատեսական չէ։ Այս մասին «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը։

«Անվտանգության բացակայության պայմաններում, առանց հստակ միջազգային երաշխիքների՝ հավաքական վերադարձը հավասարազոր է ինքնասպանության, և սա բոլորիս համար հասկանալի է»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի կողմից հստակ ավերվում են հայկական բնակավայրերը և ոչնչացվում է պատմական մշակույթը։

«Այսինքն՝ ամեն կերպ ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը, որպեսզի վերադարձը հնարավոր չլինի։ Հայաստանում ևս կան այս հարցի լուծման համար խոչընդոտներ, քանի որ պաշտոնական ՀՀ-ն Արցախի հարցը համարում է փակված, և յուրաքանչյուրը, ով հակառակն է պնդում, նշվում է, որ սպառնալիքի տակ է դնում ՀՀ անվտանգությունը։ Պահանջում են, որ արցախցիներն ապրեն այնպես, կարծես ոչինչ չի եղել, այլ կերպ ասած՝ Արցախը կարծես այսօրվա «խաղաղության» գինն էր։ Միջազգային հանրությունն էլ լռելյայն համաձայնությամբ պաշտպանում է երկկողմ «խաղաղության» ամրագրումը»,- ասաց նա։

Արմինե Ալեքսանյանը նշեց, որ Արցախի հարցն անընդհատ բարձրաձայնելը քիչ չէ, անհրաժեշտ է նաև խոսել դրա շուրջ։ «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը, հարցը բարձրացնելուց բացի, փորձում է գործել այս պայմաններում։ Արցախի հարցը տարածքային հարց կամ վեճ չէ, այն ժամկետ չունի մինչև կարգավորումը։ Իսկ վերադարձի իրավունքը պետք է լինի հավաքական և արժանապատիվ»,- ասաց Արմինե Ալեքսանյանը։

Առանց հստակ միջազգային երաշխիքների՝ հավաքական վերադարձն Արցախ հավասարազոր է ինքնասպանության, բայց վերադարձ պետք է լինի. Արմինե Ալեքսանյան (Տեսանյութ)