«Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը մոտ մեկ ամիս է՝ բանտարկված են խոսքի համար
10/12/2025 18:28

«Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը մոտ մեկ ամիս է՝ բանտարկված են խոսքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, AntiFake.am-ի թիմը խորհրդանշական ակցիա է իրականացրել Երևանի Ազատության հրապարակում՝ «Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի  ապօրինի կալանավորման առնչությամբ։ Նարեկն ու Վազգենը մոտ մեկ ամիս է՝ կալանավորված են խոսքի համար։

Ազատության հրապարակում տեղադրվել է «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ, Նարեկ Սամսոնյանի և Վազգենի Սաղաթելյանի նկարներով և «Իմնեմինիմի» փոդքասթի լոգոյով մեծադիր պաստառ, դրա դիմաց՝ երկու դատարկ աթոռ, իսկ մեծադիր պաստառի և աթոռների դիմաց՝ մեծ ճաղավանդակ՝ ի նշան այն բանի, որ Նարեկն ու Վազգենն ապօրինի անազատության մեջ են և զրկված են իրենց հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։

Ակցիան մեկնարկել է «Իմնեմինիմի» փոդքասթի հեղինական երաժշտությամբ և Նարեկի ու Վազգենի բացման խոսքով․

Վազգեն․ «Բարի երեկո, սիրելի ընկերներ»։

Նարեկ․ «Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Եթերում է «ամենաօբյեկտիվ» և «ամենաանաչառ», «դասական լրագրության մեռած» առաջին քրեաքաղաքական փոդքասթը․․․»։

Խորհրդանշական ակցիայի ընթացքում AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը ներկայացրել է AntiFake.am-ի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ տեղի ունեցող ապօրինությունները։

Տասնյակ քաղաքացիներ լուսանկարվել են ճաղավանդակների ֆոնին, իսկ «Աբսուրդի պատին» իրենց դիրքորոշումն են արտահայտել Հայաստանում ռեժիմի կողմից «հետույք» բառի համար կալանավորվածների, ինչպես նաև մեր երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների վերաբերյալ։

 

«Իմնեմինիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը մոտ մեկ ամիս է՝ բանտարկված են խոսքի համար