.png)
Իսրայելի մասնակցության պատճառով Իսլանդիան ևս չի մասնակցի «Եվրատեսիլ 2026»-ին
Իսլանդիան չի մասնակցի 2026 թ․ Եվրատեսիլի երգի մրցույթին․ այս մասին հայտարարել է երկրի հանրային հեռարձակողը՝ RUV, այն բանից հետո, երբ մրցույթի կազմակերպիչ՝ Եվրոպական հեռարձակողների միությունն անցած շաբաթ հաստատել է Իսրայելի մասնակցությունը։
Իսրայելի մասնակցության թույլտվությունն արդեն իսկ առաջացրել էր Իսպանիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի և Սլովենիայի բոյկոտը, որոնք բողոքում էին Գազայի պատերազմում Իսրայելի գործողությունների դեմ։
Նշենք, որ երգի մրցույթը տեղի է ունենալու 2026 թ․ մայիսին Վիեննայում։
«Մրցույթը ոչ ուրախություն կտա, ոչ էլ խաղաղության զգացում։ Հետևաբար, նախևառաջ, մենք ժամանակավորապես դուրս ենք գալիս մրցույթից»,- ասված է հեռարձակողի գլխավոր տնօրեն Ստեֆան Էիրիքսոնի հայտարարությունում։
Իսլանդիան այն երկրներից է, որն անցած շաբաթ պահանջել էր Իսրայելի մասնակցության հարցով քվեարկություն։ Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը որոշեց քվեարկություն չանցկացնել՝ նշելով, որ ընդունել է նոր կանոններ, որոնք պետք է խոչընդոտեն կառավարությունների ազդեցությունը մրցույթի վրա։
Իսլանդիան երբևէ չի հաղթել Եվրատեսիլում, բայց 2-րդ տեղն է զբաղեցրել 1999 և 2009 թվականներին։ Երգի մրցույթը հիմնադրվել է 1956 թ․ և հասնում է շուրջ 160 միլիոն հեռուստադիտողի։