.jpg)
Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է։
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնել են՝ դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության համար։
Բացի այդ, Աղազարյանը 23 հազար դոլար էլ պահանջել է դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:
Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե իր նկատմամբ քրեական հետապնդումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է: Նա նշել էր, թե Փաշինյանի խնդրանքը չի կատարել, մանդատը վայր չի դրել, վարչապետն էլ իրեն պատժում է:
2024 թվականի դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչությունը որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։
ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
2025 թվականի մարտի 27-ին Աղազարյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։