.jpg)
Քանի որ քաղաքական հետապնդում է, հետևաբար, Արշակ Սրբազանի ակնկալիքը այս ամենի քաղաքական վախճանն է. իրավական ճանապարհով ակնկալիքները մեծ չեն. փաստաբան
Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ էին կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մորեղբոր և մորեղբոր դստեր տներում։ Իրավապահներն առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները։
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է՝ Սրբազան Հոր հարազատներին այս պրոցեսի մեջ ներքաշելը նպատակ ունի ճնշելու Արշակ Սրբազանին ու նրա ընտանիքի անդամներին։
Փաստաբանի տեղեկություններով՝ մինչ օրս իրավապահների կողմից առգրավված որևէ իր չի վերադարձվել Սրբազանի հարազատներին։
Բաբայանն ամենօրյա ռեժիմով տեսակցում է Արշակ Սրբազանին. «Ամեն ինչ լավ է, նորմալ է, Սրբազան Հայրը ողջունում է բոլորին»։
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հույս ունի Սրբազան Հայրը՝ այս ամենն ի՞նչ հանգուցալուծում կստանա՝ Բաբայանն արձագանքեց. «Հաշվի առնելով, որ այս ամենը քաղաքական է, քաղաքական հետապնդում է, հետևաբար, ակնկալիքը քաղաքական վախճանն է։ Ասել, թե իրավական ճանապարհով ակնկալիքները մեծ են՝ ճիշտ չի լինի»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։
Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։
Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։