Նեմոն վերադարձնում է Եվրատեսիլի գավաթը՝ EBU-ի ընտրովի վերաբերմունքի պատճառով, հիշեցնելով, որ Ռուսաստանը հեռացվել էր մրցույթից, իսկ Իսրայելը՝ ոչ
12/12/2025 12:22

Նեմոն վերադարձնում է Եվրատեսիլի գավաթը՝ EBU-ի ընտրովի վերաբերմունքի պատճառով, հիշեցնելով, որ Ռուսաստանը հեռացվել էր մրցույթից, իսկ Իսրայելը՝ ոչ

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի հաղթող Nemo-ն հայտարարել է, որ «վերադարձնելու է իր գավաթը», այն բանից հետո, երբ Իսրայելին թույլատրվել է մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։

26-ամյա կատարողը, որը դարձավ մրցույթի պատմության առաջին բացահայտ ոչ բինար հաղթողը, (ում գենդերային ինքնությունը դուրս է երկբևեռ համակարգից) նշել է, որ գավաթը կհանձնի Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գրասենյակ։

Նեմոն ինստագրամում գրել է, որ այլևս չի կարծում, որ գավաթը պետք է մնա իր պահարանում, քանի որ «Եվրատեսիլի» հռչակած միասնության, ներառման և արժանապատվության արժեքները հակասում են EBU-ի՝ Իսրայելին մրցույթում թողնելու որոշմանը, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Հետաքննության հանձնաժողովը Իսրայելի գործողությունները գնահատել է որպես ցեղասպանություն։

Կատարողն ընդգծել է, որ հարցը ոչ թե անհատ արվեստագետների, այլ EBU-ի՝ քաղաքական իրավիճակների նկատմամբ ընտրովի վերաբերմունքի մասին է՝  հիշեցնելով, որ Ռուսաստանը մրցույթից հեռացվել էր 2022-ին՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։

Նեմոյի հայտարարություններից զատ մի շարք երկրներ՝ Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան, Նիդեռլանդները և Իսլանդիան, ազդարարել են, որ բոյկոտելու են 2026 թվականի «Եվրատեսիլը»։

EBU-ի տնօրեն Մարտին Գրինը արձագանքել է հրապարակային դժգոհությանը՝ շեշտելով, որ մրցույթը պետք է մնա ապաքաղաքական տարածք, որը հիմնված է իր կանոնների վրա, և որ կազմակերպությունը «լսում է երկրպագուների ցավն ու հուզական արձագանքը» Մերձավոր Արևելքի իրադարձությունների վերաբերյալ։

2026 թվականի մրցույթը տեղի կունենա Վիեննայում՝ JJ խմբի հաղթանակից հետո։

Նեմոն վերադարձնում է Եվրատեսիլի գավաթը՝ EBU-ի ընտրովի վերաբերմունքի պատճառով, հիշեցնելով, որ Ռուսաստանը հեռացվել էր մրցույթից, իսկ Իսրայելը՝ ոչ