.jpg)
Ամենայն հայոց կաթողիկոսի մտորումները «Հայաստանի հին տաճարները» ֆիլմի կարևոր մասն էին կազմում. ես մեծ հարգանք ունեմ հայկական եկեղեցու նկատմամբ. Ստաս Նամին
Մոսկվայի hայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի հետ, որը հայտնի Միկոյան ընտանիքի անդամ է, որի կյանքը սերտորեն կապված է հայոց պատմության հետ։
Խոսելով Հայաստանի և պատմական հայրենիքի հետ իր կապի մասին՝ Նամինը շեշտել է, որ Հայաստանի հանդեպ սերը իր մեջ սերմանվել է մանկուց։ Մայրը պարբերաբար նրան և քրոջը տանում էր Հայաստան՝ Սևանա լիճ, գյուղական շրջագայություններ, հասարակ մարդկանց հյուրընկալություն, «լավաշի համը թարմ պանրով». այս ամենը ձևավորել են նրա տպավորությունները։
«Սա այն Հայաստանն է, որը ես հիշում և սիրում եմ», - ընդգծել է նա։
Նամինը նշել է, որ հայկական մշակութային միջավայրը հզոր ազդեցություն է ունեցել իր վրա. նրա առաջին երաժշտության ուսուցիչը Առնո Բաբաջանյանն էր, և նա կերպարվեստի հիմունքները սովորել է Մարտիրոս Սարյանի մոտ։
Տարիներ անց նրա վերադարձը պատմական հայրենիք հնարավոր է դարձել գործարար, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնության շնորհիվ, որը Նամինին հրավիրել էր միասին շրջագայելու Հայաստանում։ Նրանք անցել են ավելի քան 2.5 հազար կիլոմետր, այդ թվում՝ այցելել են Արցախ։
Ճանապարհորդության ընթացքում Նամինը նկարահանել է «Հայաստանի հին տաճարները» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է ոչ միայն ճարտարապետությանը, այլև հայերի հոգևոր աշխարհին, նրանց ինքնությանը և անցյալի հետ անտեսանելի կապին։
Նամինը նշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մտորումները ֆիլմի կարևոր մասն էին կազմում. «Նա շատ լուրջ և շատ խելացի խոսեց այն մասին, թե ինչ է հայկական մշակույթը բառի լայն իմաստով։ Ի՞նչ է իրական ինքնությունը, ի՞նչ է Հայաստանը, ի՞նչ է հայ ժողովուրդը»։
«Զրույցում առանձնահատուկ տեղ գտավ եկեղեցու դերը հայկական ինքնության ձևավորման գործում։ Ես մեծ հարգանք ունեմ հայկական եկեղեցու նկատմամբ... Այն մշակույթի հիմքն է։ Կարծում եմ, որ հայկական մշակույթն, ընդհանուր առմամբ, հիմնված է հայկական եկեղեցու վրա», - ընդգծել է Նամինը։
Նամինը հայտարարել է, որ հաջորդ տարվա մայիսին նա նախատեսում է իր թատրոնը բերել Հայաստան և ներկայացնել մի շարք ներկայացումներ։
Այսօրվա Հայաստանի մասին խոսելով՝ Նամինը ընդգծել է, որ երկիրը դժվարին ժամանակաշրջան է ապրում։