Շատ մեծ վերապահումով եմ մոտենում, երբ քննչականը բանակում մահվան դեպքը որակում է ինքնասպանություն. տարիների փորձը ցույց է տվել՝ հետո ի հայտ են գալիս փաստեր, որոնք բացառում են ինքնասպանությունը. իրավապաշտպան
15/12/2025 12:36

Շատ մեծ վերապահումով եմ մոտենում, երբ քննչականը բանակում մահվան դեպքը որակում է ինքնասպանություն. տարիների փորձը ցույց է տվել՝ հետո ի հայտ են գալիս փաստեր, որոնք բացառում են ինքնասպանությունը. իրավապաշտպան

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնեցին, որ, ըստ նախնական տվյալների, զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շատ մեծ վերապահումով է մոտենում, երբ Քննչական կոմիտեն այս դեպքերը որակում է ինքնասպանություն։

«Շատ-շատ են այդ դեպքերը, երբ մեր կազմակերպությունը, ներգրավվելով այդ գործերում, տեսել է, որ դրանք ինքնասպանություն չեն։ Ես խիստ կասկածով եմ վերաբերվում ինքնասպանության դեպքին, որովհետև տարիների մեր փորձը ցույց է տվել, որ ուղղակի որակում են ինքնասպանություն, իսկ հետո ի հայտ են գալիս փաստեր, որոնք բացառում են ինքնասպանությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ եթե դեպքերը բացահայտվեն, կկանխարգելվեն մահվան դեպքերը։

«Եթե իրական հանցագործները պատժվեն, դեպքերը կնվազեն, բայց՝ ո՛չ, Քննչական կոմիտեն ու Դատախազությունը շատ թեթև են տանում չբացահայտումները, որովհետև, երբ բողոքներով էլ դիմում ես, ոչինչ չի փոխվում»,-նշեց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ տեսնելով, թե Քննչական կոմիտեն բացահայտ ինչ ապօրինություններ է անում, ինչպե՞ս վստահել այդ կառույցին։

Ալեքսանյանը պնդում է՝ բանակում բացարձակ վերահսկողություն չկա, զինծառայողների հարազատներն են պատմում, թե ինչ է կատարվում բանակում։

«Պաշտպանության նախարարը պարտավոր է հանրությանը գոնե ինչ-որ ձևով դեպքերը պարզաբանել, հրապարակային ցավակցել ընտանիքներին, որովհետև իրենց մեղքով է, իրենք են պատասխանատու մահվան դեպքերի համար, որովհետև զինվորները գնում են ծառայելու հայրենիքի համար ու այդ երկու տարին նրանք պետության երշախավորության տակ են, որ իրենց կյանքին վտանգ չպետք է սպառնա։ Բայց դուք լսե՞լ եք, որ նախարարը ցավակցական խոսքով հանդես գա։ Հիմա բանակը շատ ավելի փակ է, քան նախկինների ժամանակ, սա ասում եմ վստահորեն»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը չի կարծում, թե բանակում հոգեբանի ներկայությունը կարող է ինչ-որ ձևով կանխել այն իրավիճակը, որն առկա է զորամասերում. ինչպե՞ս կանխել, եթե չեն գործում ներքին կանոնադրությունները։

«Բանակում պետք է կարգուկանոն լինի, պետք է գործեն ներքին կանոնադրությունները, պատերացնո՞ւմ եք՝ այդ վիճակում տանեն հոգեբանի, ի՞նչ պետք է փոխվի, երբ ոչ մեկը լուրջ չի ընդունում հոգեբանին։ Իհարկե, հոգեբանի դերը շատ կարևոր է զինվորի ծանր հոգեբանական վիճակի դեպքում, ինչը շատ է բանակում, բայց երբ չկա վերահսկողություն, կարգուկանոն, երբ չենք տեսնում, որ վերնախավը մտահոգված է մահվան դեպքերով, ասենք, հոգեբանը գնա ի՞նչ պետք է անի»,- հավելեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Շատ մեծ վերապահումով եմ մոտենում, երբ քննչականը բանակում մահվան դեպքը որակում է ինքնասպանություն. տարիների փորձը ցույց է տվել՝ հետո ի հայտ են գալիս փաստեր, որոնք բացառում են ինքնասպանությունը. իրավապաշտպան