.jpg)
ԵՄ-ից ընտրությունների համար օգնություն խնդրելը իշխանությունների խայտառակ թուլության դրսևորումն է. Մեսրոպ Առաքելյան
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել՝ արտաքին միջամտության դեմ պայքարելու համար։
«Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալլասը։
Aysor.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ընդունելի չէ Հայաստանի իշխանությունների այս քայլը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը առաջին հերթին խոսում է Հայաստանի իշխանությունների խայտառակ թուլության մասին։
«Նրանք ներկայացնում են պետություն, բայց ներքին խնդիրների դեպքում, որոնք իրականում խնդիր էլ չեն, այլ սովորական ընտրական գործընթաց, դիմում են մի կառույցի, որի անդամ չէ Հայաստանը։ Սա միանշանակ անթույլատրելի է։ Եթե կան խնդիրներ՝ կապված ընտրական գործընթացների, քաղաքական կուսակցությունների կամ առանձին անձանց գործունեության հետ, դրանք պետք է լուծվեն բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում», – նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ եթե կան քաղաքական ուժեր կամ անձինք, որոնք օրենքից դուրս գործունեություն են ծավալում, դրա համար գոյություն ունի ՀՀ օրենսդրությունը։
«Բնական է, որ այս ամենը միտված չէ Հայաստանին ուղղված հնարավոր օժանդակությանը։ Հայաստանի իշխանությունները ԵՄ–ՌԴ հակամարտության շրջանակում հերթական անգամ մտնում են գործիք դառնալու գործընթացի մեջ։ Չգիտեմ՝ էլ ի՞նչ փորձությունների պետք է հանդիպենք, որպեսզի իշխանությունները հասկանան, որ արտաքին քաղաքական գերտերությունների հակամարտություններում մանրադրամ դառնալը ոչ միայն անընդունելի է, այլև՝ կործանարար»։
Առաքելյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ գերտերությունները շատ արագ կարգավորում են իրենց հարաբերությունները, իսկ որպես տուժող մնում են մեր նման փոքր պետությունները։
Առաքելյանը ծիծաղելի համարեց իշխանությունների կողմից՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի հիմնավորումները.
«Բոլոր պատերազմների հիմքում գործող իշխանություններն են։ Եթե Նիկոլ Փաշինյանն այդպես զբաղված է խաղաղություն հաստատելով, ապա ինչո՞ւ չի կարողանում հաստատել «հիբրիդային խաղաղություն»։ Կեղծ լուրերի, ագրեսիայի և մանիպուլյացիաների ոչ միայն առաջամարտիկը, այլև կարելի է ասել՝ կրողն ու ստեղծողը հենց գործող իշխանություններն են»։
Եթե խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, ապա, ըստ Մեսրոպ Առաքելյանի, առաջին հերթին հենց գործող իշխանություններն են այն իրականացնում։
«Քաղաքական դաշտում կա ատելության խոսքի և կեղծ լուրերի տարածման զգալի բաժին, որը գալիս է ոչ միայն իշխանությունից, և դա փաստ է», – ասել է Առաքելյանը։
Նա նաև չի կիսում արտաքին մեդիայի ազդեցության մասին պնդումները.
«Հայաստանում չեն երևում արտաքին մեդիայի էական ազդեցություններ։ Հայաստանի բնակչությունն իր տեղեկատվության հիմնական մասը ստանում է հայալեզու տեղական մեդիառեսուրսներից։ Հնարավոր արտաքին ազդեցությունը բավական ուռճացված եմ համարում»։
Առաքելյանի խոսքով՝ այս թեման իշխանությունների կողմից օգտագործվում է որպես քարոզչական գործիք։
«Հաշվի առնելով, որ այս հարցը հաճախ է շահարկվում, վերջերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ՝ պարզելու՝ արդյոք ՀՀ հանրային կամ քաղաքական դաշտում կա՞ն օտարերկրյա գործակալներ։ Պատասխանել են, որ նման տեղեկություն չկա։ Ակնհայտ է դառնում, որ այս ամենն ընտրություններից առաջ հասարակության մեջ վախ սերմանելու նպատակով կիրառվող քարոզչական գործիք է», - եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։