Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ երաժշտական նոր գործիքներ է ձեռք բերել
17/12/2025 15:00

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ երաժշտական նոր գործիքներ է ձեռք բերել

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2025 թվականին ձեռք է բերել 6 բարձրակարգ երաժշտական գործիքներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոն այցի ընթացքում ծանոաթացել է կառույցի՝ նոր գործիքներով համալրմանը։ ԿԱԵԿ տնօրեն Գարեգին Սարգսյանը և գեղարվեստական մասով տնօրենի տեղակալ Արմեն Սուքիասյանը նախարարի տեղակալին են ներկայացրել ձեռք բերված երաժշտական գործիքները։

Մասնավորապես՝ շեշտվել է, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործում են Հայաստանի լավագույն վեց կամերային երաժշտախմբերը, որոնց արդյունավետությունն ու կատարողական բարձր որակի ապահովումը էապես պայմանավորված են նաև որակյալ երաժշտական գործիքների առկայությամբ։

Դանիել Դանելյանը շնորհավորել է կենտրոնի տնօրինությանն ու անձնակազմին կարևոր ձեռքբերման համար և նշել, որ նախարարության առաջնահերթություններից է շարունակաբար նորացնել թատերահամերգային կազմակերպությունների ենթակառուցվածքները, տեխնիկան, գույքը:

ԿԵԱԿ-ի գործիքների ֆոնդը համալրվել է՝

Իտալիայում արտադրված «AURORA» մակնիշի տավիղով՝ արտադրող՝ «SALVI ընկերություն

Հարվածային գործիքների հավաքածու՝ արտադրող՝ ամերիկյան «GRETSCH» ընկերություն

 Վիբրոֆոն՝ արտադրող՝ հոլանդական «ADAMS» ընկերություն

Տամ-տամ (գոնգ)՝ արտադրող՝ ամերիկյան «ZILDJIAN» ընկերություն

 Գերմանական արտադրության «HÖFNER» մակնիշի երկու կոնտրաբաս

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նշել է, որ ԿԵԱԿ-ում իրականացվում են բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ վեց երաժշտախմբերի մասնակցությամբ, սակայն հաճախ որոշ երաժշտական գործիքների բացակայության պատճառով երբեմն ստիպված են լինում փոփոխություններ կատարել համերգային ծրագրերում, երբեմն էլ՝ ընդհանրապես հրաժարվել դրանց իրականացումից։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մեր դիմումին արագ արձագանքելու և երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում աջակցելու համար: Նախորդ տարի կենտրոնը ձեռք է բերել «Steinway» մակնիշի համերգային ռոյալ, հիմնովին վերանորոգվել է դահլիճի «Flentrop» մակնիշի երգեհոնը, իսկ այս տարի գործիքների ֆոնդը համալրվել է ևս վեց նոր գործիքով։ Կարող եմ վստահեցնել, որ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը լրացրել է այն հիմնական գործիքների պակասը, որոնք անհրաժեշտ են կամերային երաժշտախմբերին՝ բազմաժանր և բազմաբովանդակ համերգային ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը:

Նոր գործիքների ձեռքբերումը կնպաստի ԿԵԱԿ-ի երաժշտախմբերի կատարողականության բարձրացմանը և հնարավորություն կընձեռի իրականացնել ավելի բազմաժանր համերգային ծրագրեր։

Երաժշտական գործիքների համալրման պետական քաղաքականությունը կլինի շարունակական։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ երաժշտական նոր գործիքներ է ձեռք բերել