«Հրապարակ». «Քննությունից» կտրվեցին
17/12/2025 09:12

«Հրապարակ». «Քննությունից» կտրվեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ՔՊ վարչությունը մերժել է պատգամավորներ Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի, և Կարեն Սարուխանյանի հայտերը, որոնք պատգամավորության թեկնածություն էին առաջադրել՝ 2026-ի ընտրությունների ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Արդեն քանի օր է, ինչ վարչությունը` Փաշինյանի գլխավորությամբ, քննում է թեկնածուներին, ապա քվեարկում` կա՛մ գրանցում, կա՛մ մերժում: Այս զտումից հետո նոր ցուցակի հերթականությունը կորոշի ՔՊ համագումարը։ 

Գրել էինք, որ Հայկ Սարգսյանին մերժելու հարցում վճռորոշ են եղել քրեական հեղինակությունների հետ նրա կապերը, աղմկոտ պատմություններին առնչությունը: Երեկ մեզ պատմեցին, որ մեծ դեր է խաղացել ԱԺ մշտական հանձնաժողովի՝ ամիսներ առաջ կայացած չարաբաստիկ նիստը, որտեղ քննարկվում էր պատգամավորի առաջարկած բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագիծը, և կրքերն այնքան էին թեժացել, որ Սարգսյանը ՔՊ-ականներին մեղադրել էր բուքմեյքերների շահերը պաշտպանելու մեջ։ Հիմնական կասկածն ուղղված էր եղել Ալեն Սիմոնյանին, ակնարկը` «Վիվառո»-ի սեփականատիրոջ հետ նրա կապերին: Նիստից հետո Սիմոնյանը Շիշ բռնողի դեմ վարչությանը դիմում էր ներկայացրել՝ վարքը քննելու, և նրան նկատողություն տվեցին: 

Հիմա նորից են հիշել այդ միջադեպը, վարչության անդամները խիստ քննադատել են, որ նա հրապարակավ անվանարկել է թիմին: Ասել են` դու կարող ես կապեր ունենալ գողականների հետ, մի քանի տարում հարստություն դիզել, բայց չես կարող ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանել։ Սարգսյանի գրանցմանը կողմ են քվեարկել Արմեն Խաչատրյանը և Վահագն Ալեքսանյանը»։

«Հրապարակ». «Քննությունից» կտրվեցին