.png)
Ադրբեջանից նավթամթերքի առևտուրը մասնավոր ընկերությունների միջև է, վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան. Փաշինյան
Ադրբեջանական արտադրության նավթամթերքը գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այս զարգացումը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասով երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն, և համապատասխան հետաքրքրության պարագայում նրանք արդեն գործարքներ կկնքեն, ինչն էլ արված է։
Փաշինյանն ասաց, որ այլ մանրամասների չի տիրապետում, թե կոնկրետ ինչ քանակի է։
Ինչ վերաբերում է հետագա ընթացքին՝ ասաց. «Գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, հույս ունեմ՝ այդ հարցերը կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումն ու արտահանումը ապահովելու համար»,- ասաց նա։