Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
18/12/2025 13:20

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է ստեղծել կայուն համակարգ երեխաների շրջանում ասթմայի վաղ հայտնաբերման և կառավարման համար։

Նախաձեռնության հիմքում խնդրի առաջնահերթությունն է: Այն կյանքի կկոչվի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

«Երեխաների շրջանում ասթմայի աճող տարածվածությունը, ուշացած ախտորոշումները և բուժումը հասցեական դարձնելու կարևորությունը հաշվի առնելով` անհրաժեշտ է ծրագրի մեկնարկը»,- եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ասթմայի վարման ապակենտրոնացված համակարգի ներդրում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի 6 մարզում՝ Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր։

Կստեղծվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնագիտացված կենտրոններ, որտեղ կաշխատեն վերապատրաստված մասնագետներ:

Հետագա աշխատանքները կազմակերպելու համար անելիքները հստակեցնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել