.jpg)
Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պարգևատրել է ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պարգևատրումներ է արել, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:
Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրությունում:
Սիմոնյանի մեկ այլ որոշմամբ՝ պագամավորներն ու աշխատակիցները դարձյալ պարգևատրվել են:
Խորհրդարանի խոսնակի ստորագրած կարգադրության համաձայն՝ ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում, սակայն, չի նշվում, թե ինչի առթիվ են եղել պարգևատրումները:
ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն պարգևավճար է փոխանցվել պատգամավորներին և խորհրդարանի աշխատակիցներին՝ Սիմոնյանի խոսնակն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին: