Մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, հրապարակային հայտարարում եմ՝ Թալինի քաղաքապետը պատասխան է տալու հոգևորականներին հայհոյելու համար. Տեր Մանուկ
24/12/2025 16:16

Մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, հրապարակային հայտարարում եմ՝ Թալինի քաղաքապետը պատասխան է տալու հոգևորականներին հայհոյելու համար. Տեր Մանուկ

Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ողջ հայ ազգի համար պարտություն է համարում։

«Դա ժողովրդին իրար դեմ հանելու, իրար խփելու, հարվածելու, մեր հազարամյա սրբության, մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ արշավ էր, որն ամբողջ ազգի համար պարտություն էր»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Տեր Մանուկը։

Վեհափառ Հայրապետն այդ օրը օրհնում էր բոլորին, օրհնում՝ անգամ իրեն հայհոյողներին։ 

«Պատկերացրեք պահ, մենք ծնող ենք, ընտանիքից ներս մեր զավակները երկփեղկվել են, մեր ընտանիքի մի մասը մի մասին սկսի հայհոյել, կռիվ ու պատերազմ լինի ամբողջ օրը, ի՞նչ որոշում պետք է կայացնի հայրը, պետք է մեկի կողմը բռնի, մյուսին անտեսի՞, մյուսին վատաբանի, մյուսին քաջալերի՞, իհարկե ո՛չ։ Սա Ամենայն Հայոց Հայրապետի համար սարսափելի է, նա սրտացավ է, որովհետև բոլորն անխտիր իր զավակներն են»,- նշեց Տեր Հայրը։

Չնայած հավատավոր ժողովուրդը համարում է, որ այդ օրը եկեղեցուն դեմ դուրս եկածներին հաղթեցին իրենց աղոթքով ու Վեհափառի կողքին լինելով, այնուամենայնիվ, Տեր Մանուկը համաձայն չէ, որ դա անվանում են հաղթանակ։

«Մեղմ ասած, շատ վատ կլինի, որ որևէ մեկը դա հաղթանակ բնորոշի, մեր հավատացյալների մի մասի այնտեղ լինելը, իհարկե, ամենքիս համար մխիթարություն էր, որ մեր ժողովուրդը եկել էր, Վեհափառին ու Մայր Աթոռը փորձում էր պաշտպանել, բայց մենք մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, երանի այս ծանր ապրումներն ու զգացողությունները երբեք չկրկնվեն։ Թող սթափվի մեր ժողովուրդը, իրապես, ամոթալի է, մենք մոռանում ենք, որ Աստծո առաջ պետք է պատասխան տանք մեր արարքի համար։

Թալինի քաղաքապետը, որ հոգևորականներին էր հայհոյում, դեռ պատասխան է տալու իր հայհոյանքի համար, ես հրապարակային հայտարարում եմ, որ Տավրոս Սափեյանը հրապարակային պատասխան է տալու իր հայհոյանքների համար, Արածագոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ուղղակի խնդրում ու հորդորում եմ, Հայաստանի վարչապետին եմ խոսքս ուղղում՝ քաշեք դրա կապերը, այդ հայհոյողներին մի բերեք  առաջին գիծ, ինքներդ ձեզ եք խայտառակում։ Դուք, բառիս բուն իմաստով, փողոցայիններ եք բերել եկեղեցի, ամո՛թ, հազա՛ր ամոթ, բյո՛ւր ամոթ։ Կրկնում եմ՝ Թալինի համայնքապետը հոգևորականներին հայհոյելու համար պատասխան է տալու՝ անկախ նրանից՝  ինքը կլինի իր պաշտոնին, թե՝ չէ, մի օր երես առ երես հանդիպելու ենք, ամո՛թ իրեն, իրապես ամոթ»,- ընդգծեց Տեր Մանուկը։

Տեր Հայրը վստահ է՝ ողջ հայ ազգն է գիտակցել, որ եկեղեցու դեմ այս արշավը թշնամական ծրագիր է, որի հետևում կանգնած է Թուրքիան։

«Թուրքիայի վերին իշխանությունների մատը, վստահաբար, խառն է այս ամենին, թշնամական այս ծրագիրը փորձելու են իրագործել, ինչպես  ընթացք-ընթացք եղել է 37 թվականին, եպիսկոպոսներ են ձերբակալվել, սպանվել ու նահատակվել են, այդ նույն ծրագիրն իրականացվում է այսօր, և այս քաոսը վերահսկելի է միայն իշխանության կողմից, իրենք վերահսկում են այս քաոսը ու դրանով խնդում ու ուրախանում, որ ժողովուրդն իրար դեմ է դուրս եկել։ Ամոթն են կորցրել, սթափվե՛ք, ժողովուրդ ջան, ահռելի մեծ պատուհաս կգա ձեր գլխին, դուք, ձեր ժառանգները սրա տակից, իրապես, դուրս չեք գալու։ Ի՞նչ եք ուզում հոգևորականներից, ի՞նչ եք ուզում եկեղեցուց, Ամենայն հայոց կաթողիկոսն այն բացառիկ կաթողիկոսներից է, որ շուրջ հազար եկեղեցի շինեց, հայորդյաց տներ հիմնեց, որտեղ սովորում են հինգ հազարից ավելի երեխաներ, բարեգործական ճաշարաններ, որտեղ ծերերը սնվում են։ Ինչի՞ց եք դժգոհ, չարիք է գալու ձեր գլխին, եթե այնպես պատահեց, որ վաղը-մյուս օրը Վեհափառ Հայրապետն էլ չեղավ, դուք ավելին չեք ունենալու, ավելի լավ կաթողիկոս չեք ունենալու, մեր ազգին մեր կաթողիկոսը երեք անգամ ավելի գերազանցելի կաթողիկոս է, Սուրբ Գիրքն ասում է՝ «Ամեն ազգին իր թագավորը սազում է», բայց մեր ազգին երեք անգամ ավելի գերազանցում է մեր կաթողիկոսը»,- նշեց Տեր Մանուկը։

Տեր Մանուկը հավատավոր ժողովրդին կոչ է անում համբերել, չընկճվել։

«Իրապես, համբերություն է պետք ու կատարյալ զսպվածություն։ Ես իմ հոգևոր եղբայրներին էլ միշտ ասում եմ՝ զսպված եղեք, գնահատեք ձեր խոսքը, շատ ուշադիր եղեք ձեր խոսքի մեջ։ Կգա մի ժամանակ, որ ամեն բան կանցնի, կգնա, որովհետև մթությանը միշտ լույսն է հետևում։ Անցնելու են այս հալածանքները, վաղը-մյուս օրը մեր բանտարկված Սրբազան Հայրերը ազատվելու են, իսկ նրանք, ովքեր մատնիչի հոգով եղան, իրենց հոգևոր եղբայրներին մատնեցին ու դեռ շարունակում են մատնել, գալու է մի օր, որ երես առ երես չեն կարողանալու նայել իրենց հոգևոր եղբայրների աչքերի մեջ»,- ասաց Տեր Մանուկը։

Արագածոտնի թեմում շատ է զգացվում Մկրտիչ Սրբազանի պակասը։ Չնայած հոգևորականների միասնությանն ու ջանքերին, միևնույն է, անհնար է նրա գործը շարունակել։

«Դուք գիտե՞ք՝ մենք որքան ենք զգում մեր Մկրտիչ Սրբազանի պակասն Արագածոտնի թեմից ներս, այն ահռելի ծառայությունը, որ Մկրտիչ Սրբազանը մատուցում էր, ցավալիորեն, այսօր մի տեսակ կանգ է առել։ Այո՛, մենք հնարավորինս փորձում ենք պտտել այդ անիվը, բայց Սրբազանի աշխատանքն այնքան կարևոր ու ծանր էր, որ հիմա մենք 7-8 քահանաներով չենք կարողանում առաջ տանել։ Կարոտով, համբերությամբ սպասում ենք մեր Սրբազան Հայրերի շուտափույթ ազատությանը, որ վաղը-մյուս օրը գան, հասնեն մեզ, բայց, հատկապես, աղոթում ենք մեր Միքայել Սրբազանի համար, որովհետև այս պահին առողջական խնդիր ունի, թող Տերն իր անսպառ ու առատ ողորմությամբ Սրբազան Հորը առողջություն պարգևի, որ շուտ ոտքի կանգնի, մնացյալ ամեն ինչ քիչ-քիչ կանցնի»,- հավելեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Մեր պատմության ամենավատ օրերն ենք ապրում, հրապարակային հայտարարում եմ՝ Թալինի քաղաքապետը պատասխան է տալու հոգևորականներին հայհոյելու համար. Տեր Մանուկ