Փաշինյանը բացատրում է, թե ինչու է տարբեր հարթակներում շնորհակալություն հայտնում Ալիևին
25/12/2025 13:28

Փաշինյանը բացատրում է, թե ինչու է տարբեր հարթակներում շնորհակալություն հայտնում Ալիևին

Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է իր վերաբերմունքն արտահայտի։ Մենք արտահայտել ենք մեր վերաբերմունքը՝ նշելով, որ դրական ենք վերաբերվում տեղի ունեցածին. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է մի քանի տարբեր առիթներով շնորհակալություն հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանից բեռների տեղափոխման հնարավորության համար, և արդյոք դա պարտավորությո՞ւն է, թե՞ խաղաղության գործընթացը հիշեցնելու փորձ։

Փաշինյանի խոսքով՝ տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես՝ հանվել է ցորենի ներմուծման արգելքը՝ սկզբում Ղազախստանի, ապա Ռուսաստանի համար, այնուհետև արձանագրվել է, որ Հայաստանից հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների սահմանափակումներ չկան։ Բացի այդ, ստեղծվել են նավթամթերքի վաճառքի հնարավորություններ և այլ պայմաններ։

«Ուղղակի տարօրինակ կլինի, որ չարտահայտնեք, և ես, այո, արտահայտել եմ և, կարծում եմ՝ ճիշտ եմ արել, որ  տարբեր տեղերում արձանագրվի»,-ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ շնորհակալական ձևակերպումները հնչեցրել է տարբեր առիթներով, այդ թվում՝ ԵԱՏՄ նիստի ընթացքում, քանի որ արդեն ԵԱՏՄ շրջանակում ստեղծվել է երկաթուղային կապ, ինչը նախկինում գոյություն չուներ։

Փաշինյանի խոսքով՝ բացի տեղի ունեցածի մասշտաբը գնահատելուց, ինքը նաև նպատակ է ունեցել ցույց տալու, որ խաղաղությունն  իրականություն է։

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանից ևս արտահանում կլինի Ադրբեջան․

«Պաշտոնական քննարկում այս պահին պետք է չլինի։ Բիզնեսները պետք է միմյանց հետ պայմանավորվեն։ Իսկ եթե պարզվի, որ կառավարությունը պետք է ինչ-որ քայլ անի այդ պայմանավորվածություններին աջակցելու համար, մենք դա կանենք»։

Փաշինյանը բացատրում է, թե ինչու է տարբեր հարթակներում շնորհակալություն հայտնում Ալիևին