Արդյունավետ ծրագրերի դեպքում ոչ միայն հնարավոր կլինի կանխել արտագաղթը, այլ նաև՝ արտագաղթածներին վերադարձնել ՀՀ. Արցախի ՄԻՊ
28/12/2025 20:29

Արդյունավետ ծրագրերի դեպքում ոչ միայն հնարավոր կլինի կանխել արտագաղթը, այլ նաև՝ արտագաղթածներին վերադարձնել ՀՀ. Արցախի ՄԻՊ

Հայաստանի Հանրապետությունում արցախցիների իրավունքների իրացման տեսանկյունից առաջնային մնում է կեցության կամ բնակարանային ապահովման խնդիրը։ Տարվա ընթացքում եղան բազմահազարանոց հանրավաքներ այս և այլ խնդիրներ բարձրաձայնելու համար, եղան քննարկումներ, համաժողովներ, եթե ընդհանրական գնահատական տամ, կասեմ, որ որոշակի կոսմետիկ փոփոխություններ իրականացել են, սակայն այն տեսքով, որով հիմա կա բնակարանային ապահովման ծրագիրն է, այն անկարող է արդյունավետ կերպով հասցեագրել արցախցիների կեցության խնդիրը,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Թվերն էլ են խոսում դրա մասին, 2025 դեկտեմբերի դրությամբ շուրջ 3900 ընտանիք  է, որ ստացել է բնակարանային ապահոման հավաստագիրը, և ընդամենը 1600 ընտանիք է, որ կարողացել է իրացնել իր հավաստագիրը, սա խոսում է այն մասին, որ անգամ հավաստագիր ստանալը երաշխիք չէ, որ տվյալ ընտանիքը  կարողանալու է համապատասխան տուն կամ բնակարան ձեռք բերել։ Մեր պնդումը շարունակում է մնալ այն, որ բնակարանային պահովման ծրագիրը պետք է հնարավորություն ընձեռի արցախցիներին կոմպակտ, համահավաք բնակվել, ինչն էլ իր հերթին հնարավորություն է պահպանելու արցախյան ինքնության առանձնահատկությունները»,-հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանի հավաստմամբ՝ խիստ հրատապ հարց է զբաղվածության խնդիրը. «Գրանցված աշխատողների թիվը շարունակում է տատանվել հասնելով մաքսիմում 25000-ի, ինչը նշանակում է, որ 50-ից 60 000 աշխատունակ մարդ աշխատաշուկայից դուրս է մնացել։ Պետության կողմից ոլորտային հստակ քաղաքականություն չկա, մեկ ծրագիր արվել է, բայց կառավարությունն ինքն էլ խոստովանել է, որ ձախողել են։

Այս խնդիրը խթանում է նաև արտագաղթը, պետք է նշել, որ բնակապահովման ծրագրում շոշափելի փոփոխություններ չկատարելուն զուգահեռ, անցնող տարվա ամռանը կրճատվել են փոքր ծավալի աջակցության ծրարգրեը, որ կառավարության կողմից տրվում էր կեցության հարցերը լուծելու համար. սա հանգեցրել է արտագաղթի տեմպերի աճին։ Պաշտոնական վիճակագրությամբ 16-17 հազար արցախցի է արտագաղթել, բայց այդ տվյալներին զուգահեռ նշվում է, որ սա այն թիվն է, որ հնարավոր է եղել իդենտիֆիկացնել, ցավոք, թիվն իրականում շատ ավելի մեծ է։

Ես շփումներում տեսնում եմ, որ մարդկանց մեջ ցանկությունը շատ մեծ է շարունակել ապրել ՀՀ-ում և արտագաղթը ճարահատյալ է՝ կենսական նվազագույն պայմաններն ապահովելու համար է, և ես վստահ եմ, որ արդյունավետ ծրագրերի առկայության պարագայում, ոչ միայն հնարավոր կլինի կանխել արտագաղթը, այլ նաև արտագաղթածներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն»։