«Անարդար ու ապօրինի որոշումը բողոքարկելու ենք». «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսով
30/12/2025 20:39

«Անարդար ու ապօրինի որոշումը բողոքարկելու ենք». «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսով

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին։  

Փաստաբան Սոս Հակոբյանը րոպեներ առաջ դուրս եկավ դատական նիստերի դահլիճից ու լրագրողներին հայտնեց՝ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Խաչիկ Գալստյանին։

«Համարում ենք անարդար, ապօրինի որոշում, որը բողոքարկելու ենք»,- ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ Խաչիկ Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում, այս իշխանության դեմ պայքարում ենթարկվում է բռնաճնշումների, բայց պինդ է ու ամուր։

«Նա ազատազրկված է այն համոզմունքների համար, որոնց համար էլ քաղաքական պայքար է ծավալում։ Վստահ եմ, որ վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է, Խաչիկ Գալստյանը լինելու է ազատության մեջ, իսկ ապօրինի քրեական հետապնդման համար պատասխանատուները կրելու են իրենց պատիժը»,- ասաց Սոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար  Խաչիկ Գալստյանը ձերբակալվել էր նախօրեին։  Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։

Պատճառը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած ավագանու ընտրություններին «ընտրակաշառք տալն է»։  

«Անարդար ու ապօրինի որոշումը բողոքարկելու ենք». «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին կալանավորեցին 2 ամսով