.jpg)
Մոսկվան անպայման արձագանքելու է. գուցե ոչ կտրուկ, բայց արձագանք լինելու է. Հայկ Խալաթյան
«2025 թվականը նույնպես բարդ տարի էր, եղան զարգացումներ, որոնք շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում, մենք տեսնում ենք քայլեր եկեղեցու դեմ, ինչն աննախադեպ է, հայկական իշխանությունը երբեք նման քայլերի չի գնացել։ Փաստորեն հրաժարվեցին Սփյուռքից, Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Արցախից, հիմա նաև թիրախավորում են եկեղեցին։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ փաստացի Հայաստանի իշխանությունը արդեն բացահայտ, առանց թաքցնելու Հայաստանը դարձնում է Թուրքիայի, նույնիսկ Ադրբեջանի սատելիտ, աշխարհաքաղաքական պայքարում Փաշինյանը պատրաստ է Արևմուտքի և Թուրքիայի հետ խաղալ Ռուսաստանի ու Իրանի շահերի դեմ, մենք գիտենք՝ հետխորհրդային տարածքում դա ինչ հետևանքների է բերում», -Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Խալաթյանը։
«ԵՄ անդամ դառնալու օրինագծի ընդունումը, իբրև թե Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի շրջանակներում տարվող բռնաճնշումները սրում են հայ-ռուսական հարաբերությունները, կարևոր է գիտակցել՝ ԵՄ-ՌԴ հարաբերությունները առաջվանը չեն, Ռուսաստանում ԵՄ-ն այլևս չեն դիտարկում միայն որպես տնտեսական միություն, նույն ԵՄ-ն բացահայտ զարգացնում է ուժային գործոնը, դիտարկում է Ռուսաստանին իբրև հակառակորդ, նույնիսկ շրջանառում են ժամկետներ ՌԴ-ԵՄ պատերազմի, և ահա այս պայմաններում Հայաստանի իշխանությունը չի թաքցնում, որ պատրաստ է խաղալ ԵՄ-ի հետ։
Ռուսական կողմը, որ զբաղված է Ուկրաինայով, այդքան էլ մեծ ցանկություն չունի Հայաստանով, Հարավային Կովկասով զբաղվելու, բայց երբ Հայաստանն արդեն անթաքույց, բացահայտ է ԵՄ-ի հետ խաղում ընդդեմ Ռուսաստանի, ստիպված է լինելու արձագանքել դրան, գուցե ոչ կտրուկ, բայց անպայման արձագանքելու է, պատահական չէ, որ պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ ասել է՝ ընտրությունը ՀՀ-ինն է, բայց նաև հիշեցրել է՝ ինչ հետևանքներ կարող է Հայաստանի տնտեսության համար ունենալ Եվրաինտեգրացիայի տրամաբանական ավարտը և ԵԱՏՄ-ից դուրս գալը»։
Հայկ Խալաթյանի գնահատմամբ՝ Փաշինյանն ու թիմակիցները շատ լավ են հասկանում իրենց այս վտանգավոր քաղաքականության հետևանքները, բայց շարունակում են հանրությանը մանիպուլացնել, սա լուրջ խնդիրներ է ստեղծելու. եթե Հայաստանը խաղում է Եվրոպայի հետ ընդդեմ Ռուսաստանի, Մոսկվայում դիտարկելու են Հայաստանն իբրև ոչ բարեկամ երկիր և համապատասխան քայլերով արձագանքելու են։ Ռուս փորձագետները հաճախ են մեղադրանքներ հնչեցնում այն մասին, որ ռուսական քաղաքականությունը պրոակտիվ չէ, միշտ ռեակտիվ է, բայց նույն ռուս փորձագետներն ընդունում են, որ հաճախ անգամ ուշացող արձագանքը շատ կոշտ կարող է լինել։