.jpg)
«Բանակը շատ բան է փոխում տղայի կյանքում». զինվորները զինակից ընկերներին մաղթում են գիտակցական կարգապահություն, իսկ ընտանիքներին՝ համբերություն (տեսանյութ)
Պունկտուալություն, ինքնուրույնություն, հայրենիքին ծառայելու պարտականություն. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայիում այս սկզբունքներն են, որ միավորել են զինծառայողներ Արսենին, Դավիթին ու Գևորգին։
Արսեն Սարգսյանը Շիրակի մարզից է, ակադեմիայում սովորում է արդեն 2 տարի։
Արսենին մասնագիտական կողմնորոշումը ընտրելուց օգնել են եղբայրն ու ծնողները, իսկ թե ինչու ընտրեց հենց ակադեմիան՝ պարզաբանում է՝ հնարավորություններով լի տեղ է, որտեղ կարող ես ինքնադրսևորվել։
«Բանակը տղամարդու մեջ արթնացնում է պունկտուալություն, բանակ գալով՝ ես դարձել եմ ավելի պարտաճանաչ, հայրենիքին ծառայելը մեծ պարտականություն է, ցանկացած հայ տղա պարտավոր է ծառայել հայրենիքին, ցանկացած հայ պարտավոր է ծառայել հայրենիքին՝ մեկը լավ սովորելով, մեկը՝ լավ աշխատելով, իսկ մենք՝ զինվորականներս, պարտավոր ենք պարտականությունները ճիշտ կատարելով՝ ծառայել հայրենիքին»,- նշում է Արսենը։
Դավիթ Մելքոնյանն էլ է Շիրակի մարզից։ 2022 թվականին է ընդունվել ակադեմիա, մինչև բանակ գալը այլ մարդ էր, բանակ գալուց հետո, խոստովանում է, շատ բան է փոխվել իր կյանքում. հասկացել է՝ ավելի ինքնուրույն կարող է գործել ամեն ինչում։
«Բոլոր տղաները պարտավոր են ծառայել, տղայի կյանքում բանակը մեծ դերակատարություն ունի, ովքեր խուսափել են ծառայությունից, խորհուրդ եմ տալիս անպայման ծառայել»,- նշում է Դավիթը։
Գևորգ Ասատրյանը Երևանից է, ակադեմիայում արդեն չորս տարի է, ինչ սովորում է, որոշումների մեջ դարձել է ավելի կողմնորոշված։
Գևորգի համար զինվորի ամենամեծ առաքելությունը գիտակացաբար ծառայելն է հայրենիքին։
Ռազմական ակադեմիայում տոնական տրամադրությունն ամենուր է. չնայած խիտ գրաֆիկին՝ զինծառայողները չեն մոռացել ամանորյա շունչ հաղորդել ակադեմիային. տոնածառը զարդարված է, մաղթանքները՝ մտածված։
Արսենը վստահ է՝ 2026 թվականը հնարավորություններով լի տարի է, զինակից ընկերներին մաղթում է գիտակցական կարգապահություն, իսկ իրենց ընտանիքներին՝ համբերություն։
Դավիթը խաղաղություն ու երջանկություն է մաղթում, Գևորգը՝ սեր ու համերաշխություն։
Իսկ հայ ազգի ընդհանուր մաղթանքը մեկն է՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն հայ զինվորին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։