«Ի տարբերություն ձեզ՝ մարդկանց շանտաժով չեմ շորթել»․ Իշխան Սաղաթելյանը հայտնել է գույքի բռնագանձման վարույթ սկսելու ծանուցում ստանալու մասին
31/12/2025 12:55

«Ի տարբերություն ձեզ՝ մարդկանց շանտաժով չեմ շորթել»․ Իշխան Սաղաթելյանը հայտնել է գույքի բռնագանձման վարույթ սկսելու ծանուցում ստանալու մասին

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին   պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ, հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։ 

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։  

Սա ընդամենը  Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է: 

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք՝ ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք: 

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ: 

Հ.Գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։ 

Սակայն, ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով  ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։ 
Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը»:

«Ի տարբերություն ձեզ՝ մարդկանց շանտաժով չեմ շորթել»․ Իշխան Սաղաթելյանը հայտնել է գույքի բռնագանձման վարույթ սկսելու ծանուցում ստանալու մասին