.jpg)
Միայն 2% հետվճարը բավարար չէ «ԱրՔա» վճարային համակարգը զարգացնելու համար․ Տնտեսագետ
2026 թվականի փետրվարից «ԱրՔա» վճարային համակարգի քարտապաններն անկանխիկ գնումների դիմաց կստանան 2% հետվճար, որը կտրամադրվի 1000 դրամը գերազանցող անկանխիկ գնումների դեպքում: Հետվերադարձը կիրառվելու է միայն Հայաստանում գրանցված ընկերություններից կատարած գնումների համար։
Aysor.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծել է, որ «ԱրՔա» վճարային համակարգի՝ քարտապաններին հետվճար տրամադրելու քայլն ավելի շատ ուղղված է ոչ թե քաղաքացիներին աջակցելուն, այլ ազգային քարտի սպասարկումը խրախուսելուն, այդ համակարգը զարգացնելուն։
«Միջազգային քարտերը՝ «Visa»-ն ու «Master»-ը, բավականին ակտիվ են մեր շուկայում և ունեն գերիշխող դիրք, ազդեցություն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս քայլն ավելի շատ ուղղված է զարգացնելու տեղականը։ Եթե նայենք այս տեսանկյունից, ապա սա նորմալ է, քանի որ կարող է մի օր էլ Հայաստանը հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ, ինչպես Ռուսաստանը, որը զրկվեց «Visa» և «Master» քարտերից և ստիպված եղավ կենտրոնանալ «MIR» քարտի զարգացման, տարածման վրա։ Պետք է դիտարկել այս տեսանկյունից և խրախուսել, տարածել, նաև ընդլայնել հնարավորությունները։ Սրանք այն կարևոր գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել»,-նշել է տնտեսագետը։
Սուրեն Պարսյանի խոսքով, քաղաքացիներն ավելի շատ կսկսեն օգտագործել «ԱրՔա» քարտերը, եթե զուգահեռ այլ ծառայություններ ևս մատուցվեն, քանի որ միայն 2 տոկոս հետվերադարձը բավարար չէ։