Թեհրանի հայկական թաղամասերում խաղաղ է․ Իրանագետ
09/01/2026 22:16

Թեհրանի հայկական թաղամասերում խաղաղ է․ Իրանագետ

«Իրանում տեղի ունեցող բողոքի ալիքի հիմնական  պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են,  կառավարության որոշ քաղաքական քայլերը, ներքին քաղաքականությունը» ,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետևանքն են։  

«Երկրորդական պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել Իրանի ազգային արժույթին, ինչի արդյունքում աճել են բազմաթիվ ապրանքների գները, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքներինը։ Որոշ դեպքերում գները աճել են 2–3 անգամ, և դա առաջացրել է մարդկանց դժգոհության մեծ ալիք»,– ասել է Բեգիջանյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ իրանագետը նշել է՝ քանի որ Իսրայելը տասներկուօրյա պատերազմից հետո չհասավ իր նպատակին՝ Իրանում իշխանափոխության, այժմ նպատակը Իրանի մասնատումն է։

«Այս ամենում մեծ դերակատարում ունի նաև Ադրբեջանը՝ Իրանի հետ երկար սահման ունենալու և Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունների պատճառով։ Հարկ է նշել նաև, որ Իրանի թուրքական ինքնավար շրջաններում Իսրայելի ազդեցությունը բավականին մեծ է։ Արդեն 13 օր է, ինչ Իրանում բողոքի ցույցերը չեն դադարում, և այս ընթացքում  վնասներ են հասցվել թե՛ պետական, թե՛ մասնավոր գույքին, եղել են նաև մզկիթների հրկիզման դեպքեր, ուստի  բնական է, որ պետությունը կարող է դիմել ավելի կոշտ  մեթոդների»,– ասել է իրանագետը։

Էմմա Բեգիջանյանը հայտնել է նաև՝ հայաբնակ թաղամասերում խաղաղ է, դրանք հեռու են ցույցերի վայրերից։

Ինչ վերաբերում է Իրանում հնարավոր զարգացումներին, ապա, ըստ Բեգիջանյանի, իրավիճակը թեև անկանխատեսելի է, սակայն Իրանից մարդկանց զանգվածային հոսքը դեպի Հայաստան քիչ հավանական է։

Թեհրանի հայկական թաղամասերում խաղաղ է․ Իրանագետ