Ինչ է կատարվում Իրանում
09/01/2026 21:16

Ինչ է կատարվում Իրանում

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանում ծավալվող իրադարձություններին է անդրադարձել.

«Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։

Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։

Իրանի հոգևոր առաջնորդը բավականին խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահության ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։

Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։

Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։

Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ Իրանի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։

Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։

Մինչ այսօր նկատելիորեն   պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին»։