.jpg)
Աբսուրդ, ֆարս, իրավաբանությունից դուրս գործընթաց․ փաստաբանները քննադատում են դատարանին
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց երեք ամիս ժամկետով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
«Այս որոշումը նշանակում է, որ ում նկատմամբ ինչ ուզեն՝ կանեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանն ասաց, թե այս դատավարությունն այլ կերպ չի կարելի բնութագրել, քան՝ ֆարս։
Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանն էլ ասաց, թե Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դեռ ամենասկզբից՝ նոյեմբերի 14-ին, կալանքը սխալ է եղել, պետք էր տնային կալանք տային։
«Հիմա դատավորը պետք է քններ ոչ թե կալանքը երկարաձգելու հարցը, այլ տնային կալանքը երկարաձգելու կամ փոփոխելու հարցը։ Այս ամենն աբսուրդ էր, իրավաբանությունից դուրս էր»,-ասաց Արսեն Բաբայանը։
Ինչ վերաբերում է Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլին, Ռուբեն Մելիքյանն ասաց, թե Սամսոնյանը շատ հաստատակամ է իր որոշման մեջ։
«Դա նշանակում է, որ նրան պետք է առանձնացնեն։ Սա քաղաքական դիրքորոշում է այս խայտառակությանը»։