Հսկող դատախազը հաստատել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվողների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը
12/01/2026 18:51

Հսկող դատախազը հաստատել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվողների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը

Հսկող դատախազը հաստատել է Փարաքարի նախկին համայնքապետի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը 2 անձի մասով և քրեական վարույթի նյութերը հանձնել դատարան։

Այդ մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:

Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝  ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:

Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։

Հեղինակ`Անի Վարդանյան
Հսկող դատախազը հաստատել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվողների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը