Իրան-ԱՄՆ ռազմական սցենարը շրջանցելու թույլ հույսեր են ի հայտ գալիս․ Իրանագետ
12/01/2026 19:06

Իրան-ԱՄՆ ռազմական սցենարը շրջանցելու թույլ հույսեր են ի հայտ գալիս․ Իրանագետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ  Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ զարգացումներին է անդրադարձել.

«Իրան-ԱՄՆ հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց որոշ հույսեր են ի հայտ գալիս։

Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։ 

Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։ 

Առավել ուշագրավ էր, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս առկա է նաև Արաղչի-Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։ 

Այս ամենին զուգահեռ, միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի և Թուրքիայի կողմից։ 

Նման չափազանց բարդ իրավիճակները, մարտահրավերների հետ միասին, նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել և անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը»։  

Իրան-ԱՄՆ ռազմական սցենարը շրջանցելու թույլ հույսեր են ի հայտ գալիս․ Իրանագետ